Աշխատավարձը Հայաստանում աճում է, իսկ աղքատությունը չի նվազում

Աշխատավարձը Հայաստանում աճում է, իսկ աղքատությունը չի նվազում

PanARMENIAN.Net - Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2013 թ. սեպտեմբերին կազմել է 150 130 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,8 տոկոսով: Ընդ որում սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,3 տոկոսով: Միաժամանակ 2013 թ հունվար-սեպտեմբերին աշխատավարձը կազմել է 146 367 դրամ, ինչն ավելի է 2012 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 4 տոկոսով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը սեպտեմբերին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով՝ կազմելով 119 403 դրամ, իսկ սեպտեմբերին 2013 թ. օգոստոսի համեմատ աճը կազմել է 2,5 տոկոս՝ 116 536 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. սեպտեմբերին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,7 տոկոս, հասնելով 183 997 դրամի: Ըդն որում սեպտեմբերին 2013 թվականի օգոստոսի համեմատ 1.5 տոկոս անկում է գրանցվել: Միաժամանակ 2013 թ հունվար-սեպտեմբերին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,4 տոկոս՝ 180 233 դրամ:

Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, ինչը պահանջեց պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ: Աշխատավարձերի հաշվարկի նոր համակարգը կներմուծվի 2014 թ. հունվարի 1-ից, ինչը բյուջեից կպահանջի լրացուցիչ 50 մլրդ դրամ:

Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ու գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ:

Այնուամենայնիվ, ըստ ՀԲ տվյալների Հայաստանի բնակչության 32,5 տոկոսը աղքատության շեմից ցածր է ապրում: Իրականում աղքատության մակարդակը Հայաստանում կարող է ավելին լինել: ՀՀ ՀՆԱ անձի չափով միջին ցուցանիշը ընդամենը 3 հազար դոլար է կազմում: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար հարկավոր է, որ այդ ցուցանիշը լինի 12 հազար դոլարից բարձր:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, աղքատության մակարդակը Հայաստանում 2012 թվականին կազմել է 33,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 2,8 տոկոս: Ըստ կանխատեսումների 2013 թվականի աղքատության մակարդակը երկրում կազմում է 32,1 տոկոս, ծայրահեղ աղքատներինը՝ 2,7 տոկոս, երբ աղքատության շեմը համարվում է 37 468 դրամը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---