19  06.11.13 - ՀՀ կառավարություն. Հայաստանն ու Ռուսաստանը Հուշագիր ստորագրեցին, որով մեկնարկում է ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը

Հայաստանն ու Ռուսաստանը Հուշագիր ստորագրեցին, որով մեկնարկում է ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը

Հայաստանն ու Ռուսաստանը Հուշագիր ստորագրեցին, որով մեկնարկում է ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» ստորագրվեց: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

«Հուշագիրն ապահովում է ՀՀ բոլոր կառույցների մասնակցությունը Մաքսային միության գործունեությանը»,- դրա ստորագրումից հետո վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Վիկտոր Խրիստենկոն: Ըստ նրա, փաստաթուղթը հնարավորություն կտա հասանելի դարձնել ՄՄ և ԵՏՀ որոշումներին առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկվող հարցերը: «Դա Մաքսային միությանը միանալու կարևորագույն տարրերից է»,-ասաց նա: Հայաստանը մշտական ներկայացուցիչ կունենա ԵՏՀ-ում:

Քննարկվեցին նաև ճանապարհային քարտեզին առնչվող և ՀՀ ու ՌԴ նախագահների գագաթնաժողովին ներկայացվելիք զեկույցը, որտեղ նրանք պետք է ներկայացնեն աշխատանքների ընթացքը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ հսկայական աշխատանք է կատարվել: «Հիմնական խնդիրը, որ ծառացած է մեր առջև, համատեղ աշխատանքի ծավալի գնահատումն է, որը թույլ կտա դառնալ ՄՄ և ԵՏՏ-ի լիարժեք անդամ»,-ասաց նա:

Հուշագրի ստորագրման նպատակն է խորացնել գործակցությունը: Հայաստանին հնարավորություն կտրվի ներկա լինել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՀ կոլեգիայի նիստերին:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---