ԱԺ-ն չհասցրեց ընդունել 2014-ի բյուջեի նախագիծը, կառավարությունը արտահերթ նիստ է խնդրում

ԱԺ-ն չհասցրեց ընդունել 2014-ի բյուջեի նախագիծը, կառավարությունը արտահերթ նիստ է խնդրում

PanARMENIAN.Net - Գործադիրը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով դեկտեմբերի 10-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարել. պատճառը չընդունված օրինագծերն են: Բացի այդ, օրակարգում է նաև 2014-ի բյուջեի հարցը, գրում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Երևանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարել էր, որ որպես կանոն հերթական տարվա պետբյուջեն պետք է օրինաչափ կապ ունենա նախորդ տարվա բյուջեի հետ, ինչը մինչ օրս չէր նկատվում ՀՀ կառավարության բյուջետային պլանավորման դեպքում, սակայն, զարմանալիորեն Հայաստանի 2014 թվականի պետբյուջեն առանձնանում է ծրագրային մոտեցմամբ: Դա վկայում է, որ կառավարության թիմը մտադիր է առաջիկա տարիներին, ավելի ճշգրիտ՝ առաջիկա 3 տարում, որոշակի արդյունքի հասնել և իր կազմում լուրջ կառուցվածքային փոփոխություններ չկատարել: Այդպիսով 2014-ի պետբյուջեի ծախսերը պետք է շաղկապվեն պետկառույցների առանձին ծրագրերի հետ, որպեսզի գլխավոր փաստաթղթի կատարողականը հնարավոր լինի վերահսկել, նշել է Մակարյանը:

Միաժամանակ Գագիկ Մակարյանը ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ կառավարությունը մտադիր է 2014-ին 34 մլրդ դրամով ավելացնել բյուջեի մուտքերը՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների նախատեսված բարձրացումն ապահովելու համար: Հավանաբար, դա կարվի ստվերային տնտեսության կրճատման հաշվին ու խոշոր տնտեսվարողների համար հարկային բեռի ավելացման հաշվին: 2014-ի բյուջեում ավելին է նաև պակասուրդի չափը՝ 2013-ի 110 մլրդ դրամի դիմաց նախատեսված է 115,5 մլրդ դրամ: Մտահոգիչ է ՀՀ պետպարտքը, որը աճի դինամիկա ունի, հատկապես ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:

Գագիկ Մակարյանը նշել է, որ 2014-ը փոքր ու միջին ձեռնարկատերերի համար հեշտ չի լինի, քանի որ այդ հատվածում պետական քաղաքականությունն էմպիրիկ ու կլաստերային բնույթ է կրում, ոչ թե համակարգված: Ավելին, չլուծված են մնում կոռուպցիայի ու անհավասար մրցակցության հետ կապված շատ խնդիրներ:

Մակարյանը անդրադարձել է նաև պետգնումների թեմային, որն արդյունավետ աշխատանքի դեպքում կարող է ապահովել տեղական արտադրության ու ընդհանուր առմամբ երկրի կայուն զարգացման նվազագույն մակարդակը:

Ըստ 2014-ի պետբյուջեի նախագծի, ՀՀ համախառն բյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրլն 134 մլրդ դրամի չափով, ծախսերը՝ 1 տրլն 244 մլրդ դրամի չափով: ՀՆԱ իրական աճը նախատեսված է 5,2 տոկոս, իսկ 12-ամսյա գնաճի ցուցանիշը՝ 4 տոկոսի (±1,5%) սահմանում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---