Շվեյցարիայի ԱԳՆ. Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ինտենսիվ են դարձել

Շվեյցարիայի ԱԳՆ. Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ինտենսիվ են դարձել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում միջադեպերը մտահոգում են: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթին: «Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ավելի ինտենսիվ են դարձել: Վերջին շաբաթներին ավելացել է հուսադրող գործոնների քանակը ղարաբաղյան կարգավորման գործում»,- ասել է նա:

Բուրկհալթերը նաև նշել է, որ Շվեյցարիայի նախագահությունն ԵԱՀԿ-ում սատարում է ՄԽ ջանքերին: Ըստ նրա, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կքաջալերի կապերի հաստատումն Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ու փորձագետների միջև:

Շվեյցարիան ԵԱՀԿ-ում նախագահում է 2014-ի հունվարի 1-ից: Ինչպես նշել է Դիդյե Բուկհալթերը, կառույցի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, ինչպես նաև, որ տարվա ընթացքում պատրաստվում են ուշադրություն դարձնել ԵԱՀԿ-ի անվտանգությանն ու կայունությանը։

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---