Ընդդիմությանը մերժեցին. «Գազային պայմանագրերը» հատուկ հանձնաժողովում չեն ուսումնասիրվի

Ընդդիմությանը մերժեցին. «Գազային պայմանագրերը» հատուկ հանձնաժողովում չեն ուսումնասիրվի

PanARMENIAN.Net - Գազամատակարարման ոլորտում 2011-ից պետպարտքի և գազի գների ձևավորումն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 58 ձայնով, դեմ քվեարկեց նախագծին, որին հեղինակներն էին ԱԺ ժառանգական պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ու ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Գրանցված 105-ից հանձնաժողովի ստեղծմանը կողմ էր 44 պատգամավոր:

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին օրը խորհրդարանում նախագիծը ներկայացնում էր դրա համահեղինակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ, 2011-ի ապրիլից ՌԴ-ից ՀՀ ներմուծված գազի դիմաց ձևավորվել է ՀՀ պետական պարտք, որի առաջացման ու մարման հիմնավորվածությունն ու օրինականությունը վիճարկելի է:

Հասարակության մեջ ձևավորվել է անվստահության մթնոլորտ, որը վերացնելու համար էլ առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ինչպես պարտքը, այնպես էլ գազի մեծածախ ու մանրածախ գների կազմը, կառուցվածքն և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները, գրում է «Ա1+»-ը:

Հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ ԱԺ պատգամավորների տեսակետները տարբեր էին։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կողմնակիցներն ու նախաձեռնողները ձևաչափը ճիշտ չեն ընտրել: Նրա խոսքով՝ իշխանությունը բոլորովին էլ նպատակ չունի կոծկելու ինչ-որ ապօրինություններ, ընդհակառակը՝ քաղաքական մեծամասնությունը միշտ էլ կողմ է անօրինական քայլեր կատարողներին պատժելու, բայց պետք է նախ քննել և վերհանել ճշմարտությունը: Աբրահամյանի խոսքով, անհրաժեշտ էր նախագիծը կազմելիս ներառել նաև իշխանության ներկայացուցիչներին, ովքեր կծանոթանային ու կուսումնասիրեին հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար «դեժավյու» էր գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առնչությամբ հանրապետականների պատճառաբանությունները։ Պատգամավորը նշել էր, թե իրենք հիմք չունեն հավատալու նրանց անկեղծությանը:

«Այս ամենի մասին խոսել ենք 4 տարի առաջ։ Դաշնակցությունն այն ժամանակ բարձրացրեց հարց, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը: Չորս տարի առաջ ասել ենք և հիմա զարմանում եք, թե ի՞նչ հարց եք բարձրացնում, որ եթե շուտ բերեիք, կուսումնասիրեինք, իրար հետ կաշխատեինք… դե աշխատեի՞նք»,- նշել էր նա՝ հավելելով, որ 4 տարի առաջ ՀՀԿ պատգամավորներից մեկն իրեն ասել էր, թե «եթե դրա անհրաժեշտությունը ունենայինք, կստեղծեինք, բայց եթե չենք ստեղծել, ուրեմն չկա»:

Ներկայացնելով խմբակցության տեսակետը «գազային պայմանագրերի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու վերաբերյալ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ համարում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերին հետաքրքրում է ոչ թե այդ փաստաթղթերի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանը, այլ հասարակությանը մոլորեցնելը, գրում է Tert.am-ը:

Իսկ մինչև այդ նա հայտարարել էր, թե իրենք նման պայմանագրերի են գնացել՝ հաշվի առնելով բացառապես շարքային քաղաքացու և տնտեսվարողի շահը։ Նա նշել էր նաև, որ գազի գնի հետ կապված բոլոր հարցերը կարելի է քննարկել խորհրդարանական լսումներում. «մեր լսումները չափազանց լիբերալ են, ի տարբերություն շատ երկրների»: ՀԱԿ-ի տեսակետը հարցի վերաբեյալ ներկայացնում էր խմբակցության ղեկավարը Լևոն Զուրաբյանը: Նրա պնդմամբ, նպատակն է հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ «աշխարհում ամենաէժան գազ ստացող ժողովուրդն ամենաթանկ գինն է վճարում դրա համար»:

Զուրաբյանի խոսքով, իշխանությունները մի շարք օրենքներ են խախտել. «եթե մեր իշխանությունները պատրաստ են ապօրինությունների համար պատասխանատվության կանչել կառավարությանը, ապա կարող եք հեշտությամբ համաձայնվել այդ հանձնաժողովի ստեղծմանը և ժողովրդին ցույց տալ, որ պատրաստ եք այս հարցը լուծել: Պատրաստ ենք գործակցել ՀՀԿ-ի հետ այս հարցի վերաբերյալ»,- ասել էր պատգամավորը, գրում է Panorama-am-ը:

Հանձնաժողովի ստեղծման գաղափարին դեմ էր արտահայտվել նաև «Օրինաց երկիր»-ը: Ներկայացնելով խմբակցության տեսակետը, դրա քարտուղար Մհեր Շահգելդյանը ևս նշել էր, որ այդ խնդրի ուսումնասիրման համար կարելի է և այլ մեխանիզմներ կիրառել:

«Եթե պետք է գազի գնագոյացման համար հանձնաժողովի ստեղծենք, ուրեմն դա պիտի անենք դա նաև այլ բազմաթիվ հարցեր քննարկելու համար: Կողմ ենք, որ բարձրացված հարցերը ստանան պատասխաններ, որոնք կներկայացվեն հանրությանը, բայց դրա համար այլ մեխանիզմներ էլ կան»,- նշել էր պատգամավորը:

ԲՀԿ-ի դիրքորոշումը հարցի վերաբերյալ արտահայտում էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշել էր, որ հանձնաժողովը հիմնականում երեք հարցի պատասխաններ պետք է տա՝ ինչպե՞ս է պատահում, որ սահմանից 660 հազար սպառողի գազը հասնում է ահավոր թանկ գնով: Նաև՝ ինչո՞ւ կնքվեց գազի պայմանագիրը, որը մինչև 2018-ը պահպանելու է գազի գնի որոշակի ստատուս-քվո և զրկելու է մեր երկիրն այլընտրանքային էներգետիկ ուղիներից օգտվելուց: Եվ վերջինը՝ ինչո՞ւ էին խաբում, թաքցնում գազի գնի բարձրացման ու պարտքի գոյացման մասին: «Ինչն է խանգարում համաձայնել խորհրդարանական մեծամասնությանը ստեղծել հանձնաժողով և ստանալ այս երեք հարցերի պատասխանները»,- հարցրել էր պատգամավորը: Նա նաև ընդգծեց. «Եթե մեծամասնությունը չի համաձայնում հանձնաժողով ստեղծել, գուցե նպատակն ուղղակի 300 մլն դոլար պարտքը սպիսատ անելն է. Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այլապես վաղը շատ ուշ է լինելու»:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ի գիտություն ԱԺ մեծամասնությանը հայտարարել էր, որ եթե մերժեն հանձնաժողովի ստեղծման առաջարկը, ապա քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։ Նրա խոսքով, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ինչպես է 300 մլն դրամ գազի պարտք գոյացել: « Կարող եմ ենթադրել, որ գրպանվել է այդ փողը, որ շահարկում եք և չեք ուզում հանձնաժողով ձևավորել, կամ էլ, որ սա բացառապես քաղաքական նպատակ ունի, որ 2011-ի ապրիլին է գազը թանկացել, երբ արդեն սկսել էին խորհրդարանական, այնուհետև՝ նախագահի ընտրություններն ու դուք թաքցրել եք, որպեսզի պահեք իշխանությունը, որովհետև գազի գնի թանկացման մասին հայտարարելով ձեզ ձայն չէին»,- նշել էր նա՝ հավելելով, որ Հայաստանին արտաքին պարտքը կուտակվել է հակաօրինական հակասահմանադրական ճանապարհով:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։

Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։

Համաձայնագրի նախագծի համաձայն, ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---