ԱՄՆ կոնգրեսականները միացել են Գուրգեն Մարգարյանի սպանության 10-ամյակին նվիրված բողոքին

ԱՄՆ կոնգրեսականները միացել են Գուրգեն Մարգարյանի սպանության 10-ամյակին նվիրված բողոքին

PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Սիսիլինն ու ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը միացել են համայն հայությանը՝ ներողություն պահանջելով Ադրբեջանից Բուդապեշտում 2004 թ. փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, որի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքուն ներում շնորհեց ու պարգևատրեց: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Ըստ ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, ՀՅԴ երիտասարդական թևի ակտիվիստների շնորհիվ խաղաղության ու արդարության ուղերձը տարածվեց ինտերնետով մեկ՝ Twitter, Facebook և Instagram ցանցերում: ՀՅԴ երիտթևը քարոզարշավ է անցկացրել ԱՄՆ-ում ու Կանադայում՝ բարձրացնելու համար Գուրգեն Մարգարյանի սպանության մասին իրազեկվածության աստիճանը:

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս դիմավորեցին: Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց նրան ներելու մասին, վճարեց 8 տարվա աշխատավարձը և բարձրացրեց նրա զինվորական կոչումը:

Ադամ Շիֆը Twitter-ում գրել է, որ «ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն երբեք չպետք է ազատվեր հայ սպայի սպանության համար պատասխանատվությունից #Justice4Margaryan»:

ANCA համատեղ հայտարարության մեջ Ադամ Շիֆը նշել է, որ «սպանությունից 10 տարի անց Սաֆարովը պետք է բանտում նստի, սակայն անհասկանալի պատճառներով նա արտահանձնվեց Հունգարիայից Ադրբեջանին: Ադրբեջանական բանտում պատիժ կրելու փոխարեն նրան ներում շնորհվեց, նա մայորի կոչում ստացավ, 8 տարվա աշխատավարձը: Բաքվում նրան որպես հերոսի դիմավորեցին»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Սիսիլինը նույնպես գրառում է կատարել Twitter-ում. «Մենք հարգում ենք Գուրգեն Մարգարյանի հիշատակը և կրկին հաստատում ենք նվիրվածությունը #Justice4Margaryan»: Կոնգրեսականներին միացել է նաև Ֆրենկ Փալոունը, որը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները մեկ անգամ ևս հաստատում են նրա ցանկությունը նպաստել ու արդարացնել բռնությունը Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ»:

Բոլոր թվիթները Մարգարյանի հիշատակին կարելի է գտնել #Justice4Margaryan որոնման օգնությամբ: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Հայրենիքում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին, ինչպես նաև բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա համար նախատեսված աշխատավարձը: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ինչպես պնդում է Բուդապեշտը, մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց հետո:

Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության ենթարկեց Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել է 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները:

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը սեպտեմբերին մեկնաբանել է հայ սպայի մարդասպանի արտահանձնումն ու ներումը: «Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Սաֆարովին ներելու մասին աղաղակող փաստ է: Նման գործողություններն անհարիր են կառավարությանը, եթե այն հավատարիմ չէ արդարությանն ու խաղաղությանը: Ցավոք, ադրբեջանական կառավարության այդ քայլերը նպատակ ունեն արդարացնելու բռնությունը Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ»,-հայտարարել է Ֆրենկ Փալոունը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Թոմմի Վիետորը նույնպես անդրադարձել էր այդ հարցին: «Նախագահ Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ որոշման առնչությամբ, որը հակասում է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու հաշտեցմանն ուղղված ջանքերին: ԱՄՆ-ն բացատրություններ է ակնկալում նաև Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»: ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես դեմ էր արտահայտվել Սաֆարովի արտահանձնմանը: «ԱՄՆ-ն մտահոգված է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հաղորդագրությունով: Մենք նաև բացատրություններ ենք ակնկալում Հունգարիայից»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---