Հայաստանում ստեղծվում է երկրորդ՝ ոսկերչության ազատ տնտեսական գոտին

Հայաստանում ստեղծվում է երկրորդ՝ ոսկերչության ազատ տնտեսական գոտին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կառավարության փետրվարի 27-ի որոշմամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ոսկերչության ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) կստեղծվի:

Հիմք ընդունելով «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ տվյալ տարածքում ԱՏԳ ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտն ու միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի եզրակացությունը, գործադիրը որոշել է ստեղծել ԱՏԳ` օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, ասվում է կառավարության մամուլի հաղորդագրությունում:

Կառավարության 2013-ի հուլիսի 18-ի որոշմամբ առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դարձավ «Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ 2013-ի օգոստոսին արդեն բացվեց Հայաստանում առաջին ԱՏԳ-ն: Այդ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում:

ԱՏԳ-ում ներդրողները ստանում են այնպիսի արտոնություններ, որոնք չկան գործնականում աշխարհի ոչ մի ԱՏԳ-ում: Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում, հաշվի առնելով, որ 2013-ի հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծում, որտեղ ներառվում են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, բայց կա կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ միասին մտադիր է զարգացնել ԱՏԳ-ները, նեգրավել ներդրողների ու կատարելագործել օրենսդրական բազան՝ ստեղծելով լայն օրենսդրական հնարավորություններ ԱՏԳ գործունեության համար հանրապետության տարածքում:

Ինչպես նիստին նշել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանում փաստացի հիմնվում է երկրորդ ազատ տնտեսական գոտին:

«Նախատեսվում է, որ այստեղ 150 արտասահմանյան ընկերություն կգործի, 1000-ից ավելի մարդ կաշխատի: Ներդրումների ծավալը կկազմի 10 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը հաստատելուց հետո, այն կսկսի գործել մինչև 2015-ը»,- ասել է նա:

Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծն ու ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը Հայաստանում, ոլորտի ԱՏԳ հիմնումն ու դրա գործունեության մեկնարկի թույլատրումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս հարցը քննարկվել էր Երևանում 2013-ի հոկտեմբերին համաշխարհային ոսկերիչների մեծ համագումարին:

2013-ի հոկտեմբերին Երևանում «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը ներկայացնելով միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը հայտարարել էր, որ «Yerevan Show-2013» ոսկերչական չորրորդ ցուցահանդեսը կանցնի արդեն ԱՏԳ տարածքում: Նրա խոսքով՝ նախագծի շնորհիվ Հայաստանը կդառնա ոսկերչական ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոններից մեկը:

«Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը մասնավոր հատվածինն է, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ոսկերչությամբ զբաղվող հայերն ամբողջ աշխարհից Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները»,- նշել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, չնայած դրանք կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, ինչը նշանակում է, որ աշխատուժի մեծ պահանջարկ կլինի:

Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում ։ Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է 27 ոսկերչական ընկերություն, որտեղ աշխատում է մոտ 230 մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---