ԱՄՆ կոնգրեսականները Twitter-ում #SaveKessab էջ են բացել

ԱՄՆ կոնգրեսականները Twitter-ում #SaveKessab էջ են բացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆի ու Դևիդ Վալդաոյի հայտարարությունները, ինչպես նաև Բրեդ Շերմանի, Ջիմ Կոստայի և Ջեյմս Մակհովերնի Քեսաբի վրա հարձակման դատապարտումը և կոչ արել Պետքարտուղարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք երախտապարտ ենք սենատոր Մենենդեսին և շատ այլ կոնգրեսականների, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները, քայլեր են ձեռնարկում համաշխարհային հանրության ուշադրությունը հայաբնակ Քեսաբի դեմ հարձակումներին ուղղելու համար: Մենք անհամբեր սպասում ենք, երբ կկարողանանք աշխատել նրանց հետ, դատապարտելու համար ԱՄՆ կառավարությունը այդ գրոհներում Թուրքիային սատարելու համար, և մենք կշարունակենք անվտանգության ապահովմանն ու մարդկանց իրենց տները վերդարձնելուն ուղղված ջանքերը»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Իր նամակում սենատոր Մենենդեսը նշել է, որ խորապես մտահոգված է մարտի 21-ի հաղորդագրություններով սիրիական հայաշատ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի տարածքից «Ալ Քայիդայի» հետ կապված գրոհայինների հարձակումների մասին:

«Այդպիսի հարձակումները շատ վտանգավոր են, քանի որ սիրիական փոքրամասնությունները դառնում են իսլամիստների թիրախը: Ես դատապարտում եմ նման բոլոր հարձակումներն ինչպես հայերի, այնպես էլ բոլոր քրիստոնյաների վրա»,- ասել է Մենենդեսը:

Նախագահ Օբամային հասցեագրված նամակում կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմն ու Դևիդ Վալդաոն հայտարարել են, որ այս իրադարձությունները հիշեցնում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության առաջին օրերը: «Համարում ենք, որ այժմ Ամերիկան պետք է բազմապատկի ջանքերն, ուղղված Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնության պաշտպանության ապահովմանը», -ասվում է նամակում:

Ըստ կոնգրեսական, մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս Մակհովերնի, Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը պետք է մանրակրկիտ ու արդար հետաքննություն սկսի՝ պարզելու համար Թուրքիայի դերը Քեսաբի դեմ հարձակման մեջ: Կոնգրեսականներ Շիֆն ու Շերմանը էջ են բացել Twitter-ում #SaveKessab հեշթեգով, որտեղ հազարավոր օգտատերեր գրել են Քեսաբում հումանիտար ճգնաժամի մասին և իսլամիստներին Թուրքիայի աջակցության մասին: «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների դաժան հարձակումները հայերի և Քեսաբի մյուս քրիստոնյաների վրա սարսափելի են ու անթույլատրելի», -գրել է կոնգրեսական Շիֆը:

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Սիրիայի հայաշատ հին հայկական Քեսաբ քաղաքում ստեղծված իրավիճակով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունը չի դատապարտել Թուրքիայի դերը քաղաքի վրա հարձակման գործում: «ANCA-ն ողջունում է մտահոգությունը Քեսաբի դեմ հարձակումների վերաբերյալ և մտադիր է շարունակել խորհրդակցություններն այդ հարցի շուրջ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ: Մենք մտադիր ենք մատնանշել հայերի, բոլոր քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության կոնկրետ փաստերը Քեսաբում, Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում: Մենք նախկինի պես մտահոգված ենք իրավիճակով և համարում ենք, որ ԱՄՆ վարչակազմի լռությունը վկայում է Թուրքիայի աջակցության մասին ահաբեկիչներին և կոչ ենք անում Օբամայի վարչակազմին կասեցնել Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի հայ բնակչության դեմ գրոհներին, իսկ պետքարտուղար Քերին պետք է հանդես գա Թուրքիային ուղղված ուղերձով», -հայտարարել է կազմակերպության նախագահ Քեն Խաչիկյանը:

Իր հերթին Մարի Հարֆը նշել է, որ «տուժածների թվում շատ են քաղաքացիական անձիք, բոլոր նրանք և նրանց սրբությունները պետք է պաշտպանված լինեն: Մենք վաղուց ենք մտահոգություն հայտնում Սիրիայի հայ համայնքի հանդեպ ծայրահեղականներից բխող սպառնալիքի վերաբերյալ»:

Ամերիկայի երիտասարդական ֆեդերացիան ուրբաթ օրը մամուլի ասուլիս էր կազմակերպել ԱՄՆ հայ համայնքի անդամների մասնակցությամբ, որից հետո բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության դիմաց: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը և Կալիֆորնիայի հայ համայնքի առաջնորդները:

Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

Photo:Twitter
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---