Օլանդը գալիս է Երևան և Բաքու Ղարաբաղի խնդիրը լուծելու համա՞ր

Օլանդը գալիս է Երևան և Բաքու Ղարաբաղի խնդիրը լուծելու համա՞ր

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գալիք ամիս Ադրբեջան կատարելիք այցը կարևոր քաղաքական նշանակություն ունի»,- Բաքվում լրագրողներին է ասել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Նա հիշեցրել է, որ նախագահ Օլանդը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան. «Այցի հիմնական նպատակներից է սատարել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ հակամարտության հանգուցալուծումը մեծ հնարավորություններ կբացի երկու կողմերի համար: Երկրորդ նպատակն է ցույց տալ, որ տարածաշրջանն ինքնիշխան է և կարող է ինքը որոշել իր ապագան: Մենք տարածաշրջանի երկրների միջև խաղաղության ու բարեկամական հարաբերությունների կողմնակիցներ ենք», գրում է APA-ն:

Օլանդի այցը տարածաշրջան կայանալու է մայիսին: Ինչպես ավելի վաղ խոսում էին, Ֆրանսիայի նախագահի Երևան այցելության ժամանակ պաշտոնապես հայտարարվելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման նախաձեռնման մասին:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահի նախընտրական խոստումներից մեկն է:

Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի կոտորածը:

«Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ»,- ասել էր նա Անկարայում մամուլի ասուլիսում:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ»՝ հավելելով, որ ինչպես Ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը, քրեօրեն պատժելի են։

Ֆրանսիան Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդը 2000 թվականին Ցեղասպանություն է որակել։

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ քվեարկեց. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական ճանաչեց:

Ավելի ուշ Փարիզի այն ժամանակ դեռ քաղաքապետի թեկնածու, իսկ այժմ ընտրված քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, իր համար հայերի կոտորածի ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա, նշել էր նա:

Անն Իդալգոն հայտարարել էր նաև, որ կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել օրենք, որին Սահմանադրական դատարանը հավանություն կտա»,- ասել էր Փարիզի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով. «Ողբերգական ու դրամատիկ պատմության ժխտումը թույլ չի տալիս նորը կառուցել»:

Մինչ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը Իդալգոն խոստացել էր, որ ընտրվելու դեպքում ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումները, որոնց 2001 թվականից ի վեր մասնակցում է նաև ինքը, տևական բնույթ կստանան: Իսկ 2015-ին Փարիզի քաղաքապետարանն իր հերթին ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը:

Հավաքելով ձայների 53,3 տոկոսը, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն հաղթել է Փարիզի քաղաքապետի ընտրություններում։ Ֆրանսիայի ԱԳՆ-նդրանց պաշտոնական տվյալները հրապարակել էր մարտի 30-ին։ Այդպիսով նա դարձել էՓարիզիպատմության մեջ առաջին կին-քաղաքապետը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---