Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է անում Եվրոպային աջակցել քեսաբահայերին

Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է անում Եվրոպային աջակցել քեսաբահայերին

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յանակիս Օմիրուն նամակ է հղել Եվրախորհրդարանի, Միջխորհրդարանական միության, Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ու Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին Քեսաբում տիրող վիճակի մասին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ուղերձն արվել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ խորհրդակցելուց հետո, հայտնում է Famagusta Gazette-ը:

Իր ուղերձում Օմիրուն գրում է Քեսաբի վրա հարձակման, եկեղեցիների ու պատմական շինությունների պղծման ու ավերման, գույքը թալանելու մասին Թուրքիայից ներխուժած ծայրահեղականների կողմից:

Նամակում ասվում է, որ նման հարձակումները խաղաղ բնակչության, ազգային ու կրոնական խմբերի վրա խարխլում են Սիրիայում բռնության դադարեցմանն ուղղված ջանքերը: Յանակիս Օմիրուն կոչ է անում նամակի հասցեատերերին իրենց ազդեցությունն օգտագործել Թուրքիայի վրա վերջ դնելու համար գրոհայինների հարձակումներին: Նա նաև նշում է, որ բոլոր կողմերը պետք է աշխատեն, որ քեսաբահայերը որքան հնարավոր է շուտ վերադառնան իրենց տները կայունության ու անվտանգության ապահովման պայմաններում:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Սիրիահայերը հիմնականում ապրում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ Սիրիայից մոտ 20 հազար հայ է հեռացել, նրանք հիմնականում մեկնել են Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ: 3 տարում Սիրիայում արդեն 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---