ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում ՀՀ հետ նախագծերում, իսկ ՌԴ-ն ողջունում Երևանի միացումը ԵվրԱզԷՍ-ին

ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում ՀՀ հետ նախագծերում, իսկ ՌԴ-ն ողջունում Երևանի միացումը ԵվրԱզԷՍ-ին

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ավելացրել է Արևելյան գործընկերության շրջանակում ծրագրերի ֆինանսավորումը մինչև 2,5 մլրդ եվրո: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարության մեջ, որը նրա անունից ընթերցել է ընդլայնման ու հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Պրահայում գործընկերության 5-ամյակին նվիրված հանդիպմանը:

Ապրիլի 24-ին Պրահայում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ընդհանուր առմամբ մենք ավելացրել ենք երկկողմ ու տարածաշրջանային ծրագրերի ֆինանսավորումը մինչև 2,5 մլրդ եվրո», -ասվում է Բարոզուի հայտարարության մեջ: Նա նշել է նաև, որ ԵՄ բյուջեն առաջիկա 7 տարվա համար երաշխավորում է, որ Բրյուսելը կկարողանա աջակցել Արևելյան Եվրոպային:

«Հուսով ենք, որ ասոցացման ու ազատ առևտրի մասին ամբողջական համաձայնագրեր կկնքենք Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ և առաջընթացի կհասնենք համատեղ ծրագրերում Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,-ասվում է Բարոզուի հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի ու Ղրղզստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: «Օրակարգում Եվրասիական տնտեսական միության ձևավորումն է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը: Ողջունում ենք Հայաստանի մասնակցությունն այդ գործընթացին: «Ճանապարհային քարտեզը» Հայաստանի համար գործնականում պատրաստ է», -ասել է Լավրովը: Ըստ նրա, առաջիկայում որոշում կկայացվի այդ հարցի վերաբերյալ:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիր կկնքվի այն ժամանակ, երբ կավարտվեն ներկրվող որոշ ապրանքատեսակների համար գործող մաքսային տուրքերը պահպանելու շուրջ բանակցությունները:

«Դեռևս հայտնի չեն այն ապրանքախմբերը, որոնցով բացառություն է լինելու, բանակցությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ ամսի 25-ին աշխատանքային խմբի մակարդակով բացառությունների ցանկը ամբողջովին համաձայնեցված կլինի», -ասելէ Ավանեսյանը: Նա հավելել է նաև, որ ապրիլի 25-ին կկայանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպումը, որը կամփոփի բանակցությունների ընթացքը և արդյունքները կներկայացնի ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների գագաթնաժողովին: Ակնկալվում է նաև ՀՀ նախագահի մասնակցությունմը: «Նիստի ընթացքում էլ որոշում կկայացվի, թե ուր է հասել Հայաստանի Հանրապետությունը ճանապարհային քարտեզով, որոշում կկայացվի, թե ինչպիսի պայմանագիր պետք է նախապատրաստվի, և հնարավոր է նաև ստորագրության ժամկետների վերաբերյալ»,-նշել է Ավանեսյանը: Ըստ նախնական տվյալների, Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագըի ստորագրումը ՌԴ, Բելառուսի ու Ղազախստանի միջև սպասվում է մայիսին:

Ենթադրվում է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ևս կստորագրվի մայիսին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---