Եվրոպացի պատգամավորները կոչ են արել Բաքվին հեռացնել դիպուկահարներին շփման գծից

Եվրոպացի պատգամավորները կոչ են արել Բաքվին հեռացնել դիպուկահարներին շփման գծից

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի անդամներ Էլենի Թեոհարուսը, Ֆրանկ Էնգելը, Տատյանա Ժդանոկը, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին, ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հանդես են եկել հայտարարությամբ հրադադարի 20-ամյակի կապակցությամբ: Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ հրադադարի մասին համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ տվեց խուսափել հակամարտության սրացումից և հետագա զոհերից, այլ նաև հնարավորություն տվեց խաղաղ կարգավորման ուղիներ որոնել:

«Չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20-ամյա ռեժիմը, ցավոք, չվերաճեց կայուն խաղաղության: Պարբերաբար շարունակվում են ստացվել տագնապալի լուրեր շփման գծում միջադեպերի մասին, որոնք դառնում են երկու կողմերում երիտասարդ զինվորների մահվան պատճառ և կարող են նպաստել մարտական գործողությունների վերսկսմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Պատգամավորները հիշեցրել են, որ գիտակցելով Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը ԵՄ համար ու այնտեղ կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, Եվրամիությունն իր բանաձևերում կոչ է արել համապատասխան իշխանություններին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հրաժարվել սադրիչ քաղաքականությունից ու հռետորաբանությունից, ռազմատենչ հայտարարություններից ու պատմության մանիպուլյացիայից:

Պատգամավորները բարձր են գնահատել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը բազմիցս են հաստատել հավատարմությունը հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակում: Նրանք բազմիցս են հայտարարել դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու պատրաստակամության մասին:

«Մենք կցանկանայինք օգտվել առիթից ու կոչ անել Ադրբեջանի իշխանություններին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից՝ խուսափելու համար հակամարտության հետագա թեժացումից: Կարևոր է նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարտավորվի լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասվում է հայտարարության մեջ:

Պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խաղաղաության ու երկու կողմերի միջև փոխըմբնռման հաստատման գործընթացին՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի Եվրոպային հատուկ մարդու իրավունքներն ու ազատությունները հասանելի լինեն նաև հարևան երկրներում:

Բիշքեկի արձանագրությունը ստորագրվել է 1994-ի մայիսի 5-ին, բայց ուժի մեջ է մտել մայիսի 12-ին: Արձանագրությունը ստորագրել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ն ու Ղրղզստանը: Արձանագրությունով կոչ էր արվում 1994-ի մայիսի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը մայիսի 9-ին ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994-ի մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրել էր այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ նույն տարվա մայիսի 12-ի կեսգիշերին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---