ԵԽԽՎ իրավական հանձնաժողովն ընդունել է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձևը

ԵԽԽՎ իրավական հանձնաժողովն ընդունել է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձևը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հանձնաժողովն ընդունել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ նախօրեին քննարկված բանաձևը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը։ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Մարդասիրական նպատակը միտված է դատապարտյալների վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին:

«Ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ կոմիտեի բանաձևի նախագծում, որը կազմվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա, մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»: Բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014-ի ընթացքում:

2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիայում Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ բանտարկության, բայց 2012-ի օգոստոսի 31-ին այդ երկիրն Ադրբեջանին էր արտահանձնել ոճրագործին, որտեղ Սաֆարովին ներում և հերոսի կոչում էին շնորհել:

Photo: AP
Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---