էլեկտրաէներգիան կթանկանա 3,8-4,3 դրամով

էլեկտրաէներգիան կթանկանա 3,8-4,3 դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հունիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի:

ՀԾԿՀ-ն շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

ՀԿԾՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը, կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, տեղեկացնում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում Հայաստանի էլցանցերը տուգանվել է 20 մլն դրամով: Պատճառը` ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլէկտրամատակարարումից: Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը ՀԷՑ-ն է: Հետևաբար, հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինս իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀԷՑ-ի գործողություններն օրինական չեն:

ՀԷՑ-ը վերջերս ևս ՏՄՊՊՀ տեսադաշտում էր: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 16-ի նիստում 5 մլն դրամով տուգանել է (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսականան կարգապահության համար: Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը։

Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է։ Դեռևս փետրվարի 26-ին, օրինակ, Yerkir.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով Էլցանցերը մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին, որը կապված է վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ։ Մոտ 935․000 սպառողի սպասարկող այդ ընկերությունը կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ընկերությունը, սակայն չէր մեկնաբանել սնանկացման մասին լուրերը։

Վերջին անգամ էլէներգիան թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

 Ուշագրավ
Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ պտղատու ծառերն ու մշակաբույսերը չեն տուժել
Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով
Սիրիահայ գործարարները նշել են, որ առանց աջակցության ստիպված կլինեն դադարեցնել հայրենիքում սկսած գործը
Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացմանը և կանխարգելմանը միտված օրենսդրության արդյունավետ իրականացմանը
Հայաստանը ռուսական «ցլերի և արջերի» միջև

Ո՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը