Արցախում նորից զինվոր է զոհվել․ Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն

Արցախում նորից զինվոր է զոհվել․ Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն

PanARMENIAN.Net - Այսօր՝ հունիսի 11-ին, ԼՂՀ ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջադեպի մասին նախարարությունը կողմից տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, վերջինս հրավիրվել էր ՊՆ:

Իսկ մինչև այդ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Կառավարության հետ հարցուպատասխանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է, թե արդյոք երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացվել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը, ինչին ի պատասխան նախարարն ասել է, թե Հայաստանի ցանկությունն է ՀԱՊԿ–ից միացյալ գործողություններ ակնկալել նաև մեր տարածաշրջանում:

«Ինձ թվում է՝ կարևոր է, որ այդ հանդիպմանը բարձրացված լինի ՀՀ-ի անվտանգության խնդիրները»,-ասել է պատգամավորը:

Նախարար Օհանյանը պարզաբանել է, որ սովորաբար միջազգային ասպարեզում ընթացող գործընթացներն իրականացվում են կամ բաց, կամ փակ ընթացակարգերով, ինչը գործում է նաև ՀԱՊԿ-ի համակարգում, գրում է Tert.am-ը:

«Ընթացակարգերից հետո որոշում է ընդունվում, թե ինչ ներկայացնել հանրությանը և ինչն է պարունակում գաղտնի տեղեկատվություն: Այսօր նաև շատ անգամ տեղեկատվությանը նայելով քննադատում ենք, թե ինչու չներկայացվեց կամ չբարձրացվեց այսինչ հարցը: Փակ ընթացակարգերը հիմնականում ընթանում են միայն նախարարների ներկայությամբ և Ձեր տված հարցը քննարկվում է փակ ընթացակարգում: Այսինքն՝ վերջին նիստի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձավ նաև ռեգիոններին, որոնք կան ՀԱՊԿ-ի շուրջ»,- ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ վերջին նիստի բաց ընթացակարգի ժամանակ կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական մեխանիզմների ձևավորմանը, ինչպես նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանին:

«ՀՀ-ն միշտ էլ եղել է առաջիններից մեկը, որ կանգնած է եղել ռազմական բաղադրիչների զարգացման ակունքներում: Մեր ցանկությունը ՀԱՊԿ-ից այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1․000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10․000 կրակոց: Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

Հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող Էրիկ Գասպարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---