Ներկայացուցիչների պալատի կոմիտեն քվեարկության կդնի Թուրքիայում քրիստոնյաների առգրավված գույքը վերադարձնելու հարցը

Ներկայացուցիչների պալատի կոմիտեն քվեարկության կդնի Թուրքիայում քրիստոնյաների առգրավված գույքը վերադարձնելու հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում քվեարկության կդրվի HR 4347 բանաձևը Թուրքիայում առգրավված քրիստոնեական գույքը վերադարձնելու մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Հունիսի 24-ին մենք կոչ ենք անում բոլորին հեռաձայնել կամ գրառում կատարել Facebook և Twitter-ում, հասցեագրված ձեր կոնգրեսականին և կոչ անել նրան քվեարկել HR 4347 բանաձևի օգտին»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ օրենսդիրները պետք է իմանան սեփական ընտրողների աջակցության մասին: «Ծախսեք 2 րոպե պատմելու համար ձեր ընկերներին ու ընտանիքին այն մասին, թե ինչու եք դուք սատարում քրիստոնեական եկեղեցիների վերադարձման բանաձևին»,-հավելել է նա:

Բանաձևը Կոնգրեսի օրակարգ են ներկայացրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Այն պահանջում է Պետքարտուղարությունից ամեն տարի հաշվետու լինել Կոնգրեսի առջև այն մասին, թե արդյոք Թուրքիան պատրաստվում է վերադարձնել առգրավված գույքն ու ունեցվածքը ոչ միայն բուն երկրում, այլ նաև Կիպրոսի գրավյալ հատվածում: HR 4347 բանաձևը հենվում է նախկինում ընդունված H.Res.306 բանաձևի վրա՝ քրիստոնեական տաճարների պարտադիր վերադարձի մասին: Այդ բանաձևը հիմք հանդիսացավ HR4347 բանաձևի համար, որը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը կատարել միջազգային պարտավորությունները՝ վերադարձնել քրիստոնյաների գույքն ու հարգել քրիստոնյաների սեփական հավատքը դավանելու իրավունքը:

«Մենք երախտապարտ ենք նախագահ Ռոյսին ու կոնգրեսական Էնգելին կրոնի ազատության մասին օրինագծին աջակցելու համար և անհամբեր սպասում ենք, թե երբ է կոմիտեն քննարկելու ժամանակակից Թուրքիայում քրիստոնյաների իրավունքները պաշտպանող բանաձևը: «Մենք ուրախ ենք միանալու բոլոր հավատացյալներին դավանանքի ազատության հարցում, այդ թվում մեր կիպրոսցի, հույն, պոնտոսցի ու սիրիացի եղբայրներին ու քույրերին: Մենք նաև հորդորում ենք մեր բոլոր բարեկամներին, որ սատարեն օրենսդիրներին բանաձևը Կոմիտեում ու Պալատում առաջ մղելու գործում»,-ասել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:

2011 թ. դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների կոմիտեում տեղի ունեցավ կրոնի ազատության հարցերի, մասնավորապես` «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» բանաձևի վերաբերյալ քվեարկություն:

2011թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նմանատիպ բանաձև ընդունվեց հունական լոբբիի ճնշման տակ (H.Res.308):

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին: Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Կառավարությունը մտադիր է նաև հատուցում վճարել այն ունեցվածքի մասով, որը վաճառվել է: Վերադարձման ենթակա է նաև «Սուրբ Հարություն» հիմնադրամի ողջ ունեցվածքը:

Պատմական գրությունների համաձայն, ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Կիպրոսի խնդիրը

1974 թ-ը համարվում է «Կիպրոսի խնդրի» սկիզբը, երբ թուրքական ղեկավարությունը որոշում ընդունեց կղզի տեղակայել 40.000-ց ռազմական զորակազմ: Տարածքի 37%-ը հետագայում անցավ Թուրքիայի վերահսկողության տակ: Սակայն խնդրի իրական տարեթիվը անհրաժեշտ է համարել 1956 թ-ը, երբ Թուրքիան մեղադրեց հունական կառավարությունը կղզին զավթելու փորձի մեջ:\r\n\r\n1958 թ-ն Կիպրոսում ռազմական հակամարտության սկզբում (այն ժամանակ Կիպրոսը գտնվում էր Միացյալ Թագավորության իրավասության տակ), ԱՄՆ-ն առաջարկեց բանակցություններ անցկացնել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Տվյալ բանակցությունների արդյունքում ստեղծվեցին «1959 Ցյուրիխի-Լոնդոնի համաձայնագրերը»: Պետք է նշել փաստաթղթի առանձնահատկությունը, որտեղ «Կիպրոսին անկախություն տրամադրելու» թվում Մեծ Բրիտանիան պահպանում էր կղզում բոլոր ռազմակայանները, տարածքային ջրերի օգտագործման իրավունքը, օդային տարածքի օգտագործումը ռազմական նպատակներով, եւ երաշխավոր երկրների (Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Հունաստան) Կիպրոսի հանրապետության ներքին գործերին միջամտելու իրավունքը:\r\n\r\n1960 թ-ն, «Ցյուրիխ-Լոնդոն համաձայնագրերի» ուժի մեջ մտնելուց հետո, Կիպրոսի Հանրապետությունը անկախացավ Մեծ Բրիտանիայից, սակայն ոչ հունական, ոչ էլ թուրքական կողմերը չէին բավարարված պայմանագրի պայմաններով:\r\n\r\n1975 թ-ի խաղաղության համաձայնագրի պայմանների համաձայն ստեղծվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը Կիպրոսի պետության մաս էր կազմում: Դրա հետ մեկ տեղ, ԵՄ-ը անդամակցելու Կիպրոսի հայտը բավարարվել էր 2002 թ-ն:\r\n\r\n2003 թ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի Կիպրոսի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկված նախագիծը (Աննանի նախագիծ), ըստ էության միակ լուրջ փորձն է այդ հարցի կարգավորման համար: Տվյալ նախագիծը իրականում նախատեսում էր կոնֆեդերատիվ հանրապետության ստեղծում, որը կազմված կլիներ երկու իրավահավասար պետություններից` Հունական եւ Թուրքական, որտեղ կլիներ ինքնուրույն խորհրդարան եւ երկու պալատներից կազմված օրենսդիր ժողով: Ավելին, Թուրքիան իրավունք էր ստանում պահպանել կղզում իր ռազմական զորակազմը, նաեւ նախատեսված էր իրավաբանական ուժ տալ այն պայմանագրերին, որոնք ստորագրվել էին Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջեւ, որոնք թույլ էին տալիս երկու կողմերին օգտագործել կղզու ողջ օդային եւ ջրային տարածքները: Սակայն, 2004 թ-ի ապրիլի 24-ն կայացած հանրաքվեին, Կիպրոսի հունական բնակչության մասը 76% ձայնով դեմ քվեարկեց Աննանի նախագծին, իսկ թուրք բնակչությունը 67% կողմ էր: Այսպիսով, հունական մասը ճանաչված լինելով միջազգային հանրության կողմից դարձավ ԵՄ-ն լիարժեք անդամ, իսկ կղզու հյուսիսային մասի կարգավիճակը մինչեւ հիմա մնում է չլուծված:\r\n\r\nՆերկայումս «Կիպրոսի հարցը» դիտարկվում է որպես ամենագլխավոր խոչընդոտը ԵՄ-ը Թուրքիայի անդամակցելու հարցում: Համաձայն միջազգային փորձագետների գնահատականների, առանց Կիպրոսի խնդրի լուծման եվրաինտեգրման գործընթացը կանխավ դատապարտված է ձախողման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---