Հայաստանն ու Արցախը ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ են անում ապահովել ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին

Հայաստանն ու Արցախը ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ են անում ապահովել ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը,

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:

Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր,

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան,

Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ,

Վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝

Հայտարարում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարևորության մասին:

«Կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ,

Համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար:

Դիմում է Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Տարեսկզբից Բաքուն ոչ միայն բացահայտ սպառնում է հայկական կողմին, այլ նաև մշտապես սադրանքների է դիմում ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այլնպես էլ ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում: Հաճախակի են դարձել մարդկային զոհերի հանգեցնող ադրբեջանական դիվերսիաները:

Հունիսի 25-ին ադրբեջանական բանակը առավոտյան 10: 30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը: Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին:

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

Հունիսի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

Հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով հրադադարի հաճախակի դարձած խախտումներն ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում, հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում հակամարտության կողմերին հրաժարվել հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացին: Ինչպես նշել է Ջեյմս Ուորլիքը, այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Նման դիվերսիաները ռազմաճակատում արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, ինչը կարող է բարեկեցություն ու անվտանգություն բերել այս տարածաշրջանի բնակչությանը»,-ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---