Որպես զբոսաշրջիկ Ռուսաստան գնացող միգրանտները չեն կարողանա աշխատել

Որպես զբոսաշրջիկ Ռուսաստան գնացող միգրանտները չեն կարողանա աշխատել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է որպես զբոսաշրջիկ երկիր մուտք գործող միգրանտներին աշխատանքի թույլտվություն հատկացնելը: Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդրական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այս օրենքը նախատեսում է, որ արտասահմանցի միգրանտին, ով Ռուսաստան է գնացել այնպիսի պետությունից, օրինակ` Հայաստանից, որտեղ Ռուսաստանի հետ գործում է առանց արտոնագրի ռեժիմ, կարող է աշխատանքի թույլտվություն տրվել միայն այն դեպքում, եթե նա միգրացիոն քարտում աշխատանքը նշել է` որպես երկիր մուտք գործելու նպատակ, գրում է РИА Новости-ն:

Մինչև այս օրենքով չէր արգելվում երկիր մուտք գործելիս մեկ նպատակ նշել, սակայն փաստացի բոլորովին այլ բանով զբաղվել: Թեև այցի նպատակի մասին սուտ տեղեկությունների համար նախատեսվում էր տուգանք` 2-5.000 ռուբլի (60-145 դոլար)` արտաքսման հնարավորությամբ, սակայն քանի որ օրենքով հիմնական արգելք չէր նախատեսվում, պատիժն էլ չէր կարող կիրառվել: Նոր օրենքի ստորագրմամբ նման խախտումներն ավելի հետևողականորեն կհետապնդվեն:

Հուլիսի 17-ինՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, որ «Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագրի կիրարկումը կսկսվի օգոստոսի 10-ից:

«Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով ՌԴ քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդմաները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում»,- ընդգծել է Եգանյանը:

Նա նշել է, որ Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ համաձայնագրի հետ կապված հարցը քննարկվել է, նշվել է, որ հայկական կողմն արդեն ներպետական ընթացակարգերն ավարտել է և պատրաստ է ստորագրելու: Մինչդեռ ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:

«Ի պատասխան մեր վարչապետի կողմից բարձրացված հարցի, ՌԴ վարչապետը հետաքրքրվեց իրենց Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից, թե խնդրի էությունը որն է, ի՞նչն է պատճառը, որ չեն հասցրել վավերացնել: Ներկայացվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն: Սակայն քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի, և մենք լավատեսությամբ ենք լցված»,- նշել է Գագիկ Եգանյանը:

Հարցին, թե մտավախություն չունեն, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվի, Եգանյանը պատասխանել է, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն լիահույս է, որ այս համաձայնագիրը ևս կստորագրվի: ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---