Վարշավան կաշխատի «չվանել» եվրոպական հեռանկարը Երևանի համար

Վարշավան կաշխատի «չվանել» եվրոպական հեռանկարը Երևանի համար

PanARMENIAN.Net - Լեհաստանի Սեյմի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնի համար Եժի Նովակովսկու թեկնածությանը:

Երևանում նա կփոխարինի Զդիսլավ Ռաչինսկուն, որը վերջերս դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ՝ պահանջելով Երևանի իշխանություններից չտեղադրել քաղաքում խորհրդային ժամանակաշրջանի հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը:

Խոսելով իր աշխատանքի առաջնայնությունների մասին՝ Նովակովսկին նշեց, որ Հայաստանն Արևելյան գործընկերության անդամ է, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է ԵՏՄ-ին միանալու մասին՝ կապելով իր կյանքը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ: «Այս առնչությամբ Երևանի մասնակցությունն ԱԳ ծրագրին փաստացի դարձավ խորհրդանշական»,-ասել է դիվանագետը, հայտնում է Ostkraft-ը:

Ուստի, ըստ նրա, կարևոր է մի քանի «արագություն» սահմանել Արևելյան գործընկերության մասնակից երկրների համար: Մեկը՝ Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի համար, որոնք արդեն ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը: Այլ «արագություն» այն երկրների համար, որոնք դեռ չեն ստորագրել, սակայն չեն ցանկանում շեղվել եվրոպական ուղեծրից: Ըստ Նովակովսկու, Լեհաստանի համար այս իրավիճակում առաջնային խնդիր է դառնում եվրոպական հեռանկարը Երևանի համար «չվանելը»: Այլ կարևոր նպատակների թվում նա նշեց նաև հայ-լեհական տնտեսական ու մշակութային գործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Ապագա դեսպանը հայտարարել է, թե Հայաստանը «Մերձավոր Արևելքի երկրների հանդեպ Ռուսաստանի մտադրությունների ծանրաչափն է հանդիսանում», և երկիր է, որը գտնվում է տարածաշրջանային տերությունների՝ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի շահերի հատման վայրում»: Նա հավելել է, որ մոտակա աշխատանքային շփումները Վարշավայի ու Երևանի միջև պետք է կենտրոնացվեն 2015 թվականի վրա, երբ նշվելու է Թուրքիայում հայերի կոտորածի 100-ամյակը: «Հայաստանը մի երկիր է, որտեղ մեծապես կարևորվում են բառերը, խորհրդանիշներն ու պատմությունը»,-ասել է Նովակովսկին:

Պատասխանելով պատգամավորների հարցերին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ՝ դիվանագետը հայտարարել է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի անդամակցությունն Արևելյան գործընկերության ծրագրին, մերձեցումը ԵՄ հետ կարող են այս կամ այն կերպ նպաստել խնդրի կարգավորմանը»: Ըստ նրա, «իրավիճակը շատ բարդ է», իսկ Վարշավան այստեղ կարող է գործել միայն այնքանով, որքանով գործում է Բրյուսելը: Ամեն դեպքում ապագա դեսպանը լավատեսորեն չի տրամադրված «հակամարտության արագ կարգավորման հարցում»:

Եժի Նովակովսկին ծնվել է 1959 թ. Ռադոմում: Նա Յագելոնի համալսարանի պատմական բաժնի շրջանավարտ է: Աշխատել է Tygodnika Polskiego գլխավոր խմբագրի տեղակալ և Wprost-ի արտասահմանյան բաժնի խմբագիր: Եղել է միջազգային հետազոտությունների պատասխանատուն Սենատի գրասենյակում, Լեհ Վալենսայի վարչակազմում եղել է արևելյան քաղաքականության գծով խորհրդատու և վարչապետ Եժի Բուզեկի միջազգային գործերի գծով գլխավոր խորհրդատու: 2010 թվականից նա Լեհաստանի դեսպանն է Լատվիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---