ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանը` Հայոց ցեղասպանության մեղավորների անպատժելիության հետևանքների մասին

ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանը` Հայոց ցեղասպանության մեղավորների անպատժելիության հետևանքների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանն այս ամիս արդեն հանդես էր եկել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հայտարարությամբ, որտեղ հիշատակվում էր նաև Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Asbarez-ը: «Օսմանյան կառավարության զանգվածային բռնագաղթի ու սպանությունների նպատակադրված քաղաքականության արդյունքում սպանվեց Օսմանյան Թուրքիայի հայ փոքրամասնության առնվազն մեկ միլիոն ներկայացուցիչ:

Ցեղասպանության առավել ինտենսիվ շրջանը եղավ 1915-1916 թթ., երբ հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ ու ծերունիներ, մահացան անապատով մահվան երթի ժամանակ բռնության, սովի ու հիվանդությունների պատճառով: Զանգվածային սպանությունների մասին լուրը արագ տարածվեց աշխարհով մեկ, սակայն շատ քիչ ջանք գործադրվեց միջամտելու ու մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

«Այս զանգվածային հակամարտությունը (Առաջին համաշխարհային պատերազմը) և տարաձայնությունները խաղաղության հարցում, պայմաններ ստեղծեցին երկրորդ, ավելի ավերիչ համաշխարհային պատերազմի և նրա քողարկմամբ ցեղասպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Կոնգրեսի մանդատով 1980 թ. բացված թանգարանը, որը գործում է կառավարության հովանու ներքո, 1993 թվականին իր կենտրոնակայանը բացեց Վաշինգտոնում: Նրա հռչակած առաքելությունն է ոգեշնչել «աշխարհի քաղաքացիներին ու առաջնորդներին, որպեսզի նրանք դիմակայեն ատելությանը, կանխեն ցեղասպանություններն ու աջակցեն մարդկային արժանապատվության ամրապնդմանը»:

«Ցավոք, ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախագահ Օբաման, տեղի տալով օտար պետության կառավարության ճնշմանը, 2015-ին ևս համընթաց չի գնա գիտության, քաղաքացիական հասարակության և Հայոց ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու իր իսկ խոստման հետ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---