Կալիֆորնիայի Սենատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը

Կալիֆորնիայի Սենատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը միաձայն քվեարկությամբ ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում, գրում է Asbarez-ը:

Օրինագծի հեղինակը Կալիֆորնիայի Ժողովի անդամներից Ադրին Նազարյանն է, համահեղինակներն են սենատորներ Մարկ Վիլանդը, Ժողովի անդամներ Կարո Աչաջյանը, Սթիվ Ֆոքսը, Մայք Գատտոն, Սքոթ Վիլկը ու Շերիլ Բրաունը: Դրանով նախատեսվում է նաև, որ ուսուցիչները համապատասխան ռեսուրսներով կապահովվեն Ցեղասպանության մասին դասավանդելու համար:

Օրենքի նախագիծը Սենատի օրակարգում ներառվել էր 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել էր քննարկման և իրավական փորձաքննության: Այժմ օրինագիծն ուղարկվել է նահանգապետի հաստատման, որից հետո ուժի մեջ կմտնի:

Տարեսկզբին՝ հունվարի վերջին, Կալիֆորնիայի Ժողովը նույնպես միաձայն ընդունել էր AB 659 օրինագիծը: Մինչև այդ այն ընդունվել էր նաև Կրթության ու հատկացումների պետական վեհաժողովում:

«Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շնորհակալ է Սենատից, ինչպես նաև սենատորներ Դի Լեոնից, Մարկ Ուայլանդից, Ադրին Նազարյանից ու Խաչո Աչաջյանից նախագծին աջակցելու համար»,- նշել է հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

Օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան կդառնա ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---