Ուորլիքը` կողմերի դիրքորոշումների, ղարաբաղյան հարցում Ջոն Քերիի դերի, սադրանքների ու Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Ուորլիքը` կողմերի դիրքորոշումների, ղարաբաղյան հարցում Ջոն Քերիի դերի, սադրանքների ու Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են թափանցիկ գործունեություն ծավալել, քանի որ ընդունում են Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների իրավունքը` իմանալ` ինչ է կատարվում, այլ ոչ թե բավարարվել համանախագահների այցերիի ու հանդիպումների մասին կարճ հաղորդագրություններով: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Սրա օրինակներից մեկն է վերջերս իմ ելույթը «Քարնեգի» հիմնադրամում, որը օգտակար երկխոսություններ առաջացրեց ու օգնեց մարդկանց կենտրոնանալ կարևոր հարցերի վրա. որտեղ ենք մենք և ինչպես գտնենք խաղաղ կարգավորման ճանապարհը»,- նշել է Ուորլիքը:

Սակայն պարզ է, որ եթե բանակցությունները շարունակվում են 20 տարի, բոլորին ձեռնտու լուծում գտնելն այդքան հեշտ չէ:

«Հեշտ է Մինսկի խմբին քննադատելը, բայց դա միանգամայն հասկանալի է, մենք ինքներս հաճախ ենք բարկանում, քանի որ չենք տեսնում այն առաջխաղացումը, որ ուզում ենք»,- ասել է դիվանագետն ու հավելել, որ իրավիճակը անհույս չի համարում:

«Իրականում, կողմերի տեսակետները մոտ են: Դրանք մոտեցել են և շարունակում են այդպիսին մնալ: Եվ մեզ համար կարևոր է խաղաղ կարգավորման փնտրտուքները շարունակելը»,- ընդգծել է նա:

Նաև, Ուորլիքի խոսքով, ՄԽ-ն ջանում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, և հուլիսի 31-ից սկսված սրումը լուրջ անհանգստացրել է միջնորդներին:

«Նման բռնությունը, որ հանգեցրեց տասնյակ մարդկանց մահվան, խաղաղության հաստատման ճանապարհից մեզ հետ տարավ: Ոչ ոք հետաքրքրված չէ պատերազմի վերսկսման ու խնդրի ռազմական ճանապարհով լուծման մեջ: Պետք է աշխատել ու կրկնապատկել բանակցությունների սեղանի շուրջ գործադրվող ջանքերը, որպեսզի լուծում գտնենք: Հրադադարի ռեժիմի պահպանումը դրա առաջնային նախապայմանն է, և մենք հուսով ենք, որ վերջին շրջանում դիտվող լարվածության թուլացումը կպահպանվի»,- ասել է Ուորլիքը Turan գործակալությանը տված հարցազրույցում:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Խոսելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարին ԵԱՀԿ ՄԽ վերաբերմունքի մասին` ամերիկացի համանախագահը նշել է, որ գլխավոր պատասխանատվությունը հենց կողմերն են կրելու.

«Երբ մահվան ու վիարվորների բազմաթիվ դեպքեր են գրանցվում, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում, ինչպես օրինակ հրադադարի ռեժիմի վերջին ծավալուն խախտումների դեպքում, ամբողջական հետաքննությունն անհրաժեշտ է: Կողմերին կոչ եմ անում դա անել ոչ թե պարտավորված, այլ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում»:

Ինչ վերաբերում է մեխանիզմը ստեղծելուն, ՄԽ-ն սատարում է գաղափարը, բայց որոշում կայացնողը պետք է երկու կողմը լինեն, նշել է նա:

Ուորլիքի խոսքով` «Հայաստանում ու Ադրբեջանում հակամարտությունը ոչ ոք ավելի լավ չի հասկանում, քան երկու նախագահը: Նրանք ապրում են այս թեմայով, նրանք այն մարդիկ են, որ որոշում են կայացնում, մեր խնդիրն է` մոտեցնել նախագահներին, իրար կողք նստեցնել: Օգոստոսի 10-ին նրանք նախագահ Պուտինի հետ հանդիպեցին Սոչիում: Ես չգիտեմ բանակցությունների բոլոր մանրամասները, բայց հասկանում եմ, որ քննարկումները լուրջ են եղել, և հուսով եմ, որ դրանք կարողացել են նվազագույնը, նշել առաջ շարժվելու ուղիները: Կոմղերը հաստատել են նախագահ Օլանդի միջնորդությամբ հոկտեմբերի վերջին Փարիզոմ հանդիպելու պատրաստակամությունը»,- նշել է Ուորլիքը:

Հաջորդ շաբաթ հնարավոր է նախագահների հանդիպումը Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում: Բայց դա կախված է միայն նախագահների պատրաստակամությունից ու ցանկությունից:

«Պետքարտուղար Քերին պատրաստ է անձամբ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում, եթե նրա մասնակցությունը կարող է օգնել: Մենք կոչ ենք անում կողմերին լուրջ վերաբերվել այս հնարավորություններին: Խոսքը միայն արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում անցկացնելու մասին չէ: Պետք է գործընթացը բարձրացնել նոր մակարդակի, որ այն խաղաղ համաձայնության հանգեցնի: Այնպես որ, եկեք սկսենք»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է հավելյալ ջանքեր գործադրեն խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթաց գրանցելու համար, անգամ մինչև նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Ջոն Քերիի անձնական մասնակցությունը երկխոսություններին:

Պատասխանելով հարցին, թե ինչու Մինսկի խմբի համանախագահները ներկա չէին Սոչիում նախագահների հանդիպմանը, Ուորլիքը նշել է.

«Այս հարցը պետք էր ռուսական կողմին հղել, բայց իմ զգացողություններն այնպիսին են, որ դա նախագահ Պուտինի անձնական հրավերն էր իր ամառանոց: Դա պաշտոնական այց չէր: Ղարաբաղյան կարգավորման հարցում մենք սերտ համագործակցում ենք Ռուսաստանի հետ` չնայած մյուս հարցերում տարակարծություններին: Մենք հաճախ ենք կապ հաստատում ռուս համանախագահի հետ և հույս ենք դնում կարգավորման հարցում Մոսկվայի խաղացած դրական դերի վրա»:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Մեկնաբանելով տեսակետը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր տեսակետներից են մոտենում, ամերիկացի դիվանագետը հայտարարել է, թե կան համաշխարհային խնդիրներ, որոնց հարցով պետք է գործակցել Ռուսաստանի հետ, և Լեռնային Ղարաբաղը հենց այդպիսի խնդիր է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---