Հունաստանում Ցեղասպանությունը ժխտողներն այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն․ Օրենքն ընդունվեց

Հունաստանում Ցեղասպանությունը ժխտողներն այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն․ Օրենքն ընդունվեց

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար, հայտնում է Asbarez-ը:

Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում, գրում է Armtimes.com-ը: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100․000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20․000 եվրո տուգանք:

Խտրականության, օտարատյացության և ցեղապաշտության դեմ օրենքի քննարկումը մոտ մեկ տարի է Հունաստանի խորհրդարանի օրակարգում է: Հրապարակային քննարկումներից և լսումներից հետո որոշվել էր օգոստոսի վերջին քննարման և քվեարկության դնել օրենքը` մտցնելով խորհրդարանի ամառային նստաշրջանի օրակարգ, սակայն հետաձգվել էր:

Հունաստանի խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցություն դեմ էր արտահայտվում օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը և իրականում այլատյացության դեպքերի դեմ կանխարգելիչ մեխանիզմների չի պարունակում:

Իրարամերժ կարծիքների տեղիք տված խնդրահարույց օրինագծով պահանջվում է անդրադառնալ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված` Թուրքիայում իրականացված հայերի և հույների ցեղասպանոությանը:

Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ևՀունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանն Ուելսում։

Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել է, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:

Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի խոսքով, օրինագծի վերջնական տարբերակով Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով։

Բացի այդ, 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1999-ին, ապրիլի 24-ն այդ երկրում Հիշատակի օր է, որի ընթացքում ամեն տարի կառավարության կողմից 3 խոշոր քաղաքում հիշատակի միջոցառումներ ենկազմակերպում։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---