Թուրքիայի ԱԳՆ. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը դեմ է ժողովրդավարությանը

Թուրքիայի ԱԳՆ. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը դեմ է ժողովրդավարությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունն ուշադիր հետևել է Հունաստանի խորհրդարանի` սեպտեմբերի 9-ին ընդունած Ռասիզմի և այլատյացության համար պատիժ սահմանող օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացին` հունական իշխանություններին պարբերաբար հորդորելով գործել անհրաժեշտ ճշգրտությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիգլիչը` նշելով, որ այս համատեքստում կարևորում են խորհրդարանի սեպտեմբերի 5-ի նիստում Հունաստանի արդարադատության և մարդու իրավունքների նախարարի հայտարարությունը, թե օրենքը չի անդրադառնալու երկրի արտաքին քաղաքականության վրա և ոչ մի երկիր չի թիրախավորում, այդ թվում` Թուրքիան, նշվում է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանը Ուելսում։ Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել է, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա:

Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, թե «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրենքը դեմ է «ժողովրդավարության սկզբունքներին և ժողովրդավարության սկիզբ համարվող բազմակարծությանը»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ օրենքը կարող է խտրականության տեղիք տալ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության, ինչպես նաև Ռոդոս և Կոս կղզիներում բնակվող իրենց քաղաքացիների հանդեպ: Թուրքական կողմը մտահոգություն է հայտնում, որ Հունաստանում բնակվող թուրքերի նկատմամբ կարող է օրենքը խախտելու համար պատիժ սահմանվել:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---