Նախագահը Վատիկանում է. Վտանգված արժեքները, Ջուղայի խաչքարերն ու Ցեղասպանության 100-ամյակը

Նախագահը Վատիկանում է. Վտանգված արժեքները, Ջուղայի խաչքարերն ու Ցեղասպանության 100-ամյակը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Նա Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա:

Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

Oգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակում բացված ցուցահանդեսը Հռոմից բացի կշրջի նաև այլ քաղաքներում:

ՀՀ նախագահը բացմանը խոսել է ցուցահանդեսի թեմայի կարևորության, նպատակի, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգության մասին: Նա համաձայնել է ՀՀ դեսպանի տված բնորոշմանն ու ցուցահանդեսն անվանել լուռ ճիչ. «Ճիչ Քրիստոնեության հայրենիք Միջին Արևելքում Քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին»:

Նախագահը վստահ է` ցուցահանդեսի առաջ քաշած հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

«Արդյո՞ք ամեն ինչը ճիշտ ենք անում: Արդյո՞ք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետևանքը չէ: Արդյո՞ք միշտ և ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին` դրանց կրկնությունները բացառելու համար: Արդյո՞ք հանդուրժողականության և համակեցության խրախուսման մեր ջանքերում մենք միշտ և բավարար կամային ենք եղել: Արդյո՞ք միահամուռ ենք այլատյացության ու մոլեռանդության ցանկացած դրսևորման դեմ: Չգիտեմ. չունեմ այս և այս դահլիճում ցուցադրվող լուսանկարներից հորդող մյուս բոլոր հարցերի համապարփակ պատասխանները»,- նշել է նա` վստահություն հայտնելով, որ ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը:

«Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ամբողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ամբողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար կազմակերպել էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացում,ավերում:Բնաջնջմանվերջին դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ որ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը` իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդվել են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ տարածքը վերածվել հրաձգադաշտի։

Նախագահը նաև նշել է, որ ժամանակակից տեխնոլոգաները ստեղծվում են մարդկանց երջանկություն պարգևելու համար, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը.

«Ինչու՞ այս օրերին այդքան հաճախ են այդ հեռախոսներն օգտագործվում գլխատվող քրիստոնյա լրագրողների մասին ահասարսուռ կադրերը դիտելու համար: Ինչու՞ նման տեսարանները մեր օրերում դեռ հնարավոր են: Այստեղ խզում կա, համաձայն չե՞ք. ժամանակների, արժեքների ու գործադրվող ջանքերի միջև գոյություն ունեցող խզում»:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության առաջիկա տարելիցի մասին.

«Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:

Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին»,- նշել է Հայաստանի նախագահը` հույս հայտնելով, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի:

Ցուցահանդեսին ու ՀՀ նախագահի այցին անդրադարձել է նաև իտալական Vatican Insider պարբերականը.

«Ցուցահանդեսում արտացոլված է Մերձավոր Արևելքի քիրիստոնյա բնակչության ծանր դրությունը: Մի լուսանկարում, օրինակ պատկերված է Դիարբեքիր քաղաքի քահանան, որտեղ 1869 թվականին քրիստոնյաների թիվը 21 000 էր, իսկ հիմա մնացել է ընդամենը վեց ընտանիք: Մեկ այլ լուսանկարում պատկերված է Իրաքի և Քուրդիստանի ինքնավար մարզի միջև գտնվող Քարաքոշ գյուղը, որտեղից իսլամական ծայրահեղականների վերջին օրերի գործողությունների արդյունքում բռնի տարհանվել է ավելի քան 100 հազար քրիստոնյա»: Ահա վերջին լուսանկարները` ավերված եկեղեցիներ, քանդված կոթողներ, այս ու այն կողմ վազող մարդիկ»,- գրել է պարբերականը:

Իտալական լրատվականի փոխանցմամբ` Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն նշել է, որ լուսանկարները փաստում են քրիստոնյա բնակչության իրապես զոհ լինելու հանգամանքը, և որ այդ հարցը պետք է միջազգային մակարդակով լուծում ստանա: Իսկ Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին ցուցադրության ժամանակ ունեցած ելույթում նաև մեջբերել է մեծանուն հայ գրող Դանիել Վարուժանի «Խաչբուռ» (Աստվածամոր սեղանին շարք) բանաստեղծության հետևյալ տողերը. «Քեզ կբերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան: Զոհագործե՛, սեղանիդ վրա՝ ուր, դարե՜ր, փեթակներուս մեղրամոմերը դեղձան լույս ու արցունք են հոսեր»` փաստելով, որ այն լավագույնս է ցույց տալիս արևելքի քրիստոնյաների վիճակը, գրում է Panorama.am-ը:

Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Հանրապետության նախագահը, դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին, նշել է`հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել:

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---