Առևտրի ֆինանսավորման ոլորտի մարտահրավերները` ՎԶԵԲ-ի ուշադրության կենտրոնում

Առևտրի ֆինանսավորման ոլորտի մարտահրավերները` ՎԶԵԲ-ի ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը, Եվրոպական միության հետ համատեղ հոկտեմբերի 1-2-ը Երևանում կազմակերպել է առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս, որի նպատակն է բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների իրազեկվածությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը: Երկօրյա միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար փորձագետները կքննարկեն տեղական գործարարների հնարավորություններն ու Հայաստանում առևտրի ֆինանասավորման հասանելիության առումով մարտահրավերները:

Կոնֆերանսի բացմանը Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Թեյլորը նշեց, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում է հավատարիմ գործընկեր մնալ և հատուկ ուշադրություն է դարձնում տեղական ՓՄՁ-ների աջակցությանը, քանի որ նրանք առաջատար դերակատարություն ունեն առևտրի ոլորտի զարգացման գործընթացում:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ ընկերություններ լիովին տեղեկացված լինեն իրենց համար հասանելի ֆինանսավորման բոլոր տարբերակների մասին և կարողանան օգտագործել այդ այլընտրանքները»,- ասաց Մայքլ Թեյլորը` շնորհակալություն հայտնելով ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկեր բանկերին` Հայէկոնոմբանկին և Ամերիաբանկին, որոնք նաև այս միջոցառման գլխավոր հովանավորներն են:

«Այս բանկերը մեծապես նպաստել և աջակցել են ՓՄՁ-ների համար առևտրի ֆինանասավորման գործիքների բարելավված հասանելիությանը»,- մանրամասնեց Թեյլորը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առևտուրը շատ մեծ նշանակություն ունի ցանկացած երկրի տնտեսության հետագա զարգացման համար.

«Բնականաբար, մենք գիտակցում ենք, որ նման գործում մեծ դերակատարում ունեն բանկերը: Մենք Հայաստանում աշխատում ենք զանազան բանկերի, ՓՄՁ-ների հետ և այս համաժողովի հիմնական նպատակը բիզնեսների և բանկերի միջև նոր գործնական կապեր ձևավորելն է»:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (European Bank for Reconstruction and Development (EBRD) հիմնադրվել է 1991-ին: ՎԶԵԲ-ին անդամակցում է 30 պետություն Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա: Բանկի հիմնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և այն պատկանում է 61 երկրի և երկու միջազգային հաստատության: Չնայած իր հասարակական սեկտորի բաժնետերերին, ՎԶԵԲ-ը հիմնական ներդրումները կատարում է մասնավոր ձեռնարկություններում:

«Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, ինչպես նաև բացառիկ հնարավորություն` համախմբելու առևտրի ֆինանսավորման ոլորտի փորձագետներին և տեղական կարևորագույն շահագիգիռ կաղմերին` քննարկելու և անդրադառնալու ոլորտի մարտահրավերներին»,- ասաց ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի վերլուծաբան Մարիա Մոգիլնայան` հավելելով, որ միջոցառումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների համար առևտրի ֆինանսավորման հասանելիության բարելավմանը:

Նա նշեց, որ Հայաստանն այս պահի դրությամբ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող առևտրի ֆինանսավորվող գործարքների թվով երրորդն է` Ռուսաստանից ու Բելառուսից հետո:

Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանն էլ նշեց, որ ընդգծելով ՓՄՁ-ների կարևոր դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացում, իրենք մշակել են առևտրի ֆինանսավորման քաղաքականություն` բավարարելու ՓՄՁ-ների ֆինանսավորման կոնկրետ կարիքները.

«Արդյունքում, այս տարվա սկզբից անցած վերջին 8 ամիսների ընթացքում Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելն աճել է 17%-ով իսկ տարեցտարի աճը կազմել է 43%: Այս աճը պայմանավորված է և բանկի աշխատակինցների հետևողական աշխատանքով և ՄՖԿ-ների հետ համատեղ իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրերով, և հատկապես, ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցության ծրագրի կողմից մշակված նախագծերով»:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանն էլ նշեց, որ առևտրի ֆինանսավորման ոլորտը տարիներ շարունակ զարգանում է Հայաստանում և բավական արագ տեմպերով:

«Եթե համեմատում ենք ավանդական գործիքների հետ, առևտրի ֆինանսավորման գործիքներն ավելի մատչելի են, ինչպես նաև` ավելի բարենպաստ և ճկուն պայմաններ են առաջարկում գործարարին թե արտահանման, թե ներմուծման համար: Իմ գնահատմամբ մյուս տարվա համար նույնպես սպասվում է բավական մեծ աճ, և այդ աճը մենք տեսնում ենք արտահանման ոլորտում` հաշվի առնելով Եվրոմիության և ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի հանդեպ, դա որոշակի խթան է Հայաստանից արտահանման ծավալների ավելացման համար»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ մյուս տարվա համար նախատեսում են 50% աճ այս տարվա համեմատ:

Կոնֆերանսին ելույթ կունենան մի շարք բարձր պրոֆիլի մասնագետներ, ինչպես նաև տեղական ՓՄՁ-ների, առևտրային բանկերի և տարբեր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն առևտրի ֆինանսավորման ոլորտի ընթացիկ միտումներն ու զարգացման կարիքները: Կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, շնորհանդեսներ և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրություններ, ելույթ կունենան հրավիրված փորձագետներ, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի և տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---