Ցեղասպանության մասին գրքի հրատարակմանն ընդառաջ Բրիտանիայի ԱԳՆ-ն շտապել է հրապարակել այնտեղ զետեղված փաստաթղթերը

Ցեղասպանության մասին գրքի հրատարակմանն ընդառաջ Բրիտանիայի ԱԳՆ-ն շտապել է հրապարակել այնտեղ զետեղված փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 30-ին հրապարակել է «Հայկական ջարդերը և ՄԹ քաղաքականությունը» փաստաթղթերի ժողովածուն: Հրապարակված 54 փաստաթուղթը ներառում է 2009 թ. ապրիլի 14-ից 2014-ի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածը: Դրանք հիմնականում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տարբեր բաժանմունքների կողմից գրված նամակներ են բրիտանացի նախարարներին և պատգամավորներին, ասվում է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կայքում: Ընդ որում նշվում է, որ ժողովածուն չի ընդգրկում Հայոց ցեղասպանության թեմային առնչվող բոլոր փաստաթղթերը, քանի որ, ըստ բրիտանական օրենքների, պետական մարմինները չեն կարող հրապարակել այն փաստաթղթերը, որոնց բովանդակությունը կարող է վնասել երկրի արտաքին քաղաքականությանը, կամ նյութեր, որոնք արդեն հրպարակվել են:

Ասվում է նաև, որ հոկտեմբերի 1-ին Ավստրալիայում, հոկտեմբերի 7-ին Կանադայում և ԱՄՆ-ում և հոկտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի Ջեֆրի Ռոբերտսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» գիրքը, որտեղ ամփոփվել են Ռոբերտսոնի հետազոտության արդյունքները, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ փաստաթղթերի մասով: Իր գրքում Ռոբերտսոնը նաև արծարծում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության երեսպաշտական բնույթը ինչպես Բրիտանիայում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում:

Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևան Արթինը, Ջեֆրի Ռոբերտսոնի գիրքը չէր կարող վրիպել բրիտանական ԱԳՆ ուշադրությունից, որը շտապեց նախապես հրապարակել Ռոբերտսոնին ավելի վաղ փոխանցված և նրա գրքում տեղ գտած փաստաթղթերը՝ դրանով իսկ փորձելով մի փոքր արդարանալ: «Ջեֆրի Ռոբերտսոնը հենց մեր խնդրանքով է ուսումնասիրել Լոնդոնի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում նոր տվյալների հիման վրա: Մենք նաև գրքի 1000 նմուշ ենք գնել քաղաքական, լրատվական և այլ շրջանակներում տարածելու համար: Մենք նաև գրքի շնորհանդես ենք անցկացնելու Մեծ Բրիտանիայի խորհրդարանում»,-ասել է նա:

2009 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը իրավաբանական եզրակացություն ներկայացրեց «Իսկ եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» թեմայով և այդ թեմային առնչվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ և Ազգերի համագործակցության փաստաթղթերը: Ռոբերտսոնը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ինչպես զեկույցի նախապատմությունը, այնպես էլ հիմնական շեշտադրումները: Նշվեց, որ ինքը համաձայնվել է պատրաստել մասնագիտական զեկույց Հայոց ցեղասպանության վերաբերյալ միայն այն պայմանով, որ զեկույցում կներառվեն բոլոր փաստերը, որոնք ի հայտ կգան արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև իր սեփական եզրակացությունները: Եվ երկրորդ պայմանը՝ ինքը Ռոբերտսոնը պետք է անկախ լինի արդյունքները ներկայացնելու հարցում:

Ռոբերտսոնը հատուկ նշեց, որ նախկինում չի անդրադարձել հայկական և թուրքական խնդիրներին, այնպես որ զուրկ է ավելորդ զգացմունքայնությունից, լինելով անաչառ ու շեշտը դնելով բացառապես հարցի իրավաբանական կողմի վրա: Ըստ նրա, ունենալով թագուհու խորհրդականի տիտղոսն ու հեղինակավոր մասնագետի անուն, նա կրկին մեղադրում է Մեծ Բրիտանիայի կառավարությանն առանց անհրաժեշտ փաստերի Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ինչպես նաև քրիստոնյա հանրությանը գիտակցաբար մոլորեցնելու համար: Նշվել է, որ եթե 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը մեր օրերում կատարվեր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դա կորակեր ցեղասպանություն, քանի որ այդ երևույթի բոլոր հատկանիշները արտացոլված են Ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Ասվել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստը ժխտելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը ոչ մի հիմք չի ունեցել և չունի: Ժխտումը պայմանավորված է եղել բացառապես քաղաքական, առևտրային ու ռազմավարական նկատառումներով:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---