Պաշտպանության նախարարը հանդիպել է գերությունից հետո Հայաստան վերադարձած Ինջիղուլյանին

Պաշտպանության նախարարը հանդիպել է գերությունից հետո Հայաստան վերադարձած Ինջիղուլյանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության և հայրենասիրական վարքագծի համար:

Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր ընտանիքի հոգատար միջավայրում հնարավորինս արագ կթոթափի մեկ տարուց ավելի տևած մղձավանջային օրերի սթրեսային հետևանքները, նշել է, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկքաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր, դրանով իսկ իբրև թե ցույց տալով, որ ՀՀ զինված ուժերում կամ ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալն անցանկալի: Սակայն Ինջիղուլյանը, հայկական բանակի մի սովորական զինվոր, իր ճիշտ և խոհեմ քայլերով ի ցույց է դրել ադրբեջանական քաղաքականության սին լինելը:

Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել, որ անգամ նման ծանր ապրումներից հետո Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել շարունակել զինվորական ծառայությունը: Պաշտպանության նախարարը հանձնարարել է առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել Հ. Ինջիղուլյանի հետագա ծառայության հարցը` առավել կարևորելով վերջինիս կրթություն ստանալու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Օհանյանը հանդիպել էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Մարդու իրավունքների խախտման հարցերին: Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր:

Արդեն նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի լույս 2-ի գիշերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է: Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Ինջիղուլյանը, իր համար շատ մեծ ուրախություն է Հայաստանում գտնվելը, հայրենիք վերադառնալը:

«Շնորհակալ եմ միջազգային այն կազմակերպություններին, որոնք օգնեցին ինձ ազատվել ադրբեջանական գերությունից, այնուհետև Հայաստան վերադառնալ: Ինքնակամ եմ որոշել վերադառնալ հայրենիք, բայց նրանք ինձ օգնել են այդ հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է գնալ ու շարունակել 9 ամսվա ծառայությունը:

Այն մասին, որ Ինջիղուլյանի գործն անցել է ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ, հայտնի էր դարձել դեռևս մարտին։ Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից երրորդ երկիր էին տեղափոխել օգոստոսի 26-ին, ինչի մասին ընտանիքը, ըստ նրա եղբոր, իմացել էր միայն օգոստոսի 28-ին: Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել էր Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը:

«Երրորդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- ավելի վաղ նշել էր նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու մոլորված Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---