ՌԴ նախագահի օգնական. ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը հոկտեմբերի 10-ին «ստորագրելու մտադրություն կա»

ՌԴ նախագահի օգնական. ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը հոկտեմբերի 10-ին «ստորագրելու մտադրություն կա»

PanARMENIAN.Net - Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ին կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին լրագրողներն է հայտարարել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, խոսելով հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական միության նիստի օրակարգի մասին:

«Նիստում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրելու մտադրություն կա և Հայաստանը կկարողանա արդեն հունվարի 1-ից միության լիիրավ մասնակիցը դառնալ»,-մեջբերում է Ուշակովին «Ինտերֆաքսը»: Մինսկի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները, սա կլինի արդեն չորրորդ հանդիպումը ընթացիկ տարում: Կրեմլի ներկայացուցիչը կանխատեսում է, որ պետության ղեկավարները կպայմանավորվեն ևս մեկ գագաթնաժողովի մասին՝ դեկտեմբերին Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ուշակովը պարզաբանել է, որ մինչ Եվրասիական տնտեսական միության գործարկումը հարկավոր է ևս 50 նորմատիվ ակտ ընդունել:

Նա պատմել է նաև, որ բանակցություններ են ընթանում Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, ձևավորվել են փորձագիտական խմբեր, որոնք նմանատիպ համաձայնագրեր կստորագրեն Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի հետ: «Աշխատանքի այդ մասը թափ է ստանում»,-նշել է Ուշակովը:

Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է: Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ավարտին է մոտենում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին, մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նույն օրը Բելառուսի մայրաքաղաքում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---