// IP Marketing video - START// IP Marketing video - END
15  Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է ինֆեկցիայի պատճառով, օրերս դուրս կգրվի (թարմացված)

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է ինֆեկցիայի պատճառով, օրերս դուրս կգրվի (թարմացված)

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է, նրան տեղափոխել են Ժնևի կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One շվեյցարական կազմակերպության վրա հղումով:

«Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է որպես կանխարգելիչ միջոց վերջին օրերին ձեռք բերած ինֆեկցիայի պատճառով»,- ասվում է կոմյունիկեում: Ընկերությունը նշել է, որ հետաձգվել է այս տարի 90-ամյակը նշած հայտնի երգչի համերգը Ժնևում:

«Երգիչն ու կազմակերպիչները լուծում են փնտրում, որը հնարավորություն կտա տեղափոխել համերգը»,-հայտնում է Opus One-ը:

Ավելի ուշ երգչի մամուլի քարտուղարը ֆրանսիական Europe1 լրատվականին հայտնել է, որ Ազնավուրի մոտ ամեն ինչ կարգին է՝ «լուրջ բան չկա»: Նա նաև նշել է, որ շանսոնյեն «մի փոքր հոգնել է», և օրերս դուրս կգրվի հիվանդանոցից:

Շվեյցարիայում բնակվող Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 3-ին հոբելյանական համերգային շրջագայության շրջանակում համերգ տվեց Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարեց, որ մտադիր է համերգները շարունակել մինչև 100-ամյա հոբելյանը, քանի որ միշտ լավ վիճակում է և ապրում է ակտիվ ու առողջ կյանքով:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
«Հայաստանում իրավիճակն այլ է. այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է»
Վրաստանի ԱԱԾ-ն 71 կգ ընդհանուր քաշով 4 բեռնարկղ է գտել
Թանգարանը կնպաստի նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը
Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել նախարարների հանդիպումը