Հայ ղեկավարները` վեսթերն ֆիլմերի հերոս. «Առաջնորդության մարտահրավերներ 2014»

Հայ ղեկավարները` վեսթերն ֆիլմերի հերոս. «Առաջնորդության մարտահրավերներ 2014»

PanARMENIAN.Net - Առաջնորդության զարգացման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի` INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր, հանրաճանաչ KDVI առաջնորդության զարգացման խորհրդատվական ընկերության նախագահ Մանֆրեդ Կե դե Վղիեն «Ամերիա» ընկերությունների խմբի հրավերով Հայաստանում հոկտեմբերի 14-ին և 15-ին անցկացնում է «Առաջնորդության մարտահրավերներ 2014» թեմայով վարպետության դաս և բարձր ու միջին օղակների ղեկավարների համար նախատեսված առաջնորդման հմտությունների դասընթաց:

«Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով ղեկավարների արդյունավետ կառավարման հմտությունները և բարձրակարգ մասնագիտական կարողություններով թիմի առկայությունը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անձնակազմի մասնագիտական աճին և նոր հմտությունների ձեռքբերմանը:

Վարպետության դասի մասնակիցների ցանկում ներառված են ոչ միայն «Ամերիա» ընկերությունների խմբի միջին և բարձր օղակի աշխատակիցներ, այլև ընկերությունների խմբի հաճախորդներ և գործընկերներ, մասնավորապես` ներկայացուցիչներ պետական մարմիններից, տեղական և միջազգային կազմակերպություններից:

Մանֆրեդ Կե դե Վղիեն լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում և արդեն մոտավոր պատկերացում է կազմել հայ առաջնորդներին բնորոշ գծերի մասին.

«Ձեր առաջնորդները նման են վեսթերն ֆիլմերի հերոսներին. միանգամից ռեվոլվերը հանում խփում են: Ես դա բացատրում եմ ձեր պատմությամբ` թագավորներ, միապետներ, ավտորիտար ռեժիմ, հետո եկեղեցու գերիշխանություն, դրան գումարվել են խորհրդային ժամանակաշրջանի բռնապետական ավանդույթները: Այդ ամենը նստվածք է թողել»,- նշեց առաջնորդության մասնագետը` խորհուրդ տալով մի քիչ փոխառել առաջնորդության միջերկրածովյան ոճը, որն ավելի մեղմ ու հանդուրժող է, ավելի ցանցային:

Աշխարհում տարածված է առաջնորդության մի քանի հիմնական տեսակ` համակարգային, քաղաքական, խարիզմատիկ: Մանֆրեդ Կե դե Վղիեի կարծիքով` Հայաստանում ընդունված առաջնորդության տիպը այս ամենի խառնուրդն է ու նման է չինականին` կառավարվող ժողովրդավարության, նոր նահապետական տեսակի նման մի բան: Նա հայ առաջնորդներին խորհուրդ է տալիս լնել մի քիչ ավելի ազատ, ավելի աշխույժ ու ժիր, քանի որ «խաղալու ունակությունն ու ստեղծագործ լինելը փոխկապակցված են»:

Բանախոսն անդրադարձավ նաև առաջնորդության բաղադրիչներին. ըստ նրա`առաջնորդությունն ունի 5 հիմնարար «մեղք».

1. Պետք է ավելի լավ ճանաչես ինքդ քեզ ու հասկանաս` ինչպես ես հաղորդակցվում այլոց հետ: Կարողանաս քեզ կողքից տեսնել. դա կնպաստի ավելի լավ որոշումներ կայացնելուն:

2. Պետք է իմանաս` ինչպես ենթականերիցդ կորզես լավագույնը:

3. Կարողանալ հաղթահարել ինքնագոհությունն ու ամբարտավանությունը:

4. Կարողանալ ապահովել առողջ թիմային միջավայր:

5. Չափից շատ ընկերություններում ուղղիչ աշխատանքային գաղութի մթնոլորտ է տիրում. պետք է հասկանալ` աշխատանքի համար դա նպաստավոր չէ. անհրաժեշտ է փոխել:

INSEAD բիզնես դպրոցի մենեջմենթի պրոֆեսոր Էլիզաբեթ Անժելուն էլ նկատում է` Հայաստանում, ինչպես ամենուր, կա հաղորդակցման, շփման պակասի խնդիր.

«Նկատել եմ, որ գործընկերների, թիմերի միջև հաղորդակցության խնդիր կա, չկա կապ, ընկալում: Պետք է կարողանալ օգտվել զգացական բանականությունից, երբ մարդկանց ես առաջնորդում»,- նշեց Էլիզաբեթ Անժելուն` հայ առաջնորդներին խորհուրդ տալով փորձել վսհատություն սերմանել ու բաց լինել արդյունավետ աշխատանքի համար:

Երկու օր տևողությամբ այս դասընթացը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել բարձր արդյունավետություն ապահովող թիմերի, կորպորատիվ մշակույթի առանձնահատկությունների և փոփոխությունների իրականացման վերաբերյալ: Միջոցառման երկրորդ օրը նվիրված կլինի բացառապես «Ամերիա» ընկերությունների խմբի ղեկավարների առաջնորդման հմտությունների կատարելագործմանը, կնպաստի նրանց կողմից` մոտիվացման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը և կազմակերպության ներսում կառուցողական փոփոխությունների իրականացմանը:

«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարպետության դասն իրենց թիմի անդամների համար հիանալի հնարավորություն է`լսելու, ինքնաճանաչման, սեփական կորղությունների բացահայտման համար:

«Հայաստանում իրականացնում ենք երևի թե ամենամեծ ներդրումները մեր թիմի համար, վերապատրաստման համար, և ունենալ հնարավորություն լսելու աշխարհի թոփ 50 առաջնորդության մասին մասնագետների խոսքը և պատկերացումները ` ինչ բան է առաջնոդությունն ընդհանրապես, որոշակի մոտեցում ու պատկերացում է ձևավորում»,- շեշտեց Ջրբաշյանը:

Միջոցառումը կրում է ամենամյա բնույթ: Նախորդ տարիներին «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ առաջնորդության վերաբերյալ վարպետության դասեր են անցկացվել «Սկոլկովո» կառավարման դպրոցի հետ համատեղ: Իրենց փորձով և առաջնորդության գաղափարներով են հանդես եկել Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի գործընկեր-հիմնադիր և Միջազգային խորհրդատվական խորհրդի փոխնախագահ Ռուբեն Վարդանյանը, Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցի (MIT Sloan School of Management) Ձեռներեցություն առարկայի ավագ դասախոս Նուբար Աֆեյանը, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի շրջանավարտների հետ հարաբերությունների խորհրդի անդամ Գոռ Նահապետյանը, մի շարք ընկերությունների հիմնադիր-տնօրեն, Fidelity Investments ընկերության պորտֆելի կառավարիչ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, «Քելլոգ» կառավարման դպրոցի կառավարման պրոֆեսոր, «Բեռլինի ստեղծագործ առաջնորդության» դպրոցի պատվավոր դեկան Պիեր Կասսը, «Սկոլկովո» կառավարման դպրոցի Executive Education ծրագրի տնօրեն Ելիզավետա Սադովան և այլոք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---