ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան. Ուշադրության կենտրոնում նախագահների գալիք հանդիպումն է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան. Ուշադրության կենտրոնում նախագահների գալիք հանդիպումն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրիեն այցելել են տարածաշրջան, հանդիպելու համար երկրների առաջնորդների հետ և մասնակցելու ԵԱՀԿ մշտադիտարկմանը: Համանախագահներին ուղեկցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չկարողացավ մասնակցել այցին անձնական պատճառներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմը այցի ժամանակ ներկայացնում էր ամերիկացի համանախագահի օգնական Դևիդ Սալվոն:

Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում հանդպում է եղել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանում և Բաքվում միջնորդները քննարկել են հոկտեմբրի վերջում Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրեջանի նախագահների հանդիպումը, որի կազմակերպման նախաձեռնողն է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ենթադրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 27-ին:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, նախաձեռնելով այս հանդիպումը, Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղության հասնելու հույս ունի:

«Իր տարածաշրջանային այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է կողմերի միջև երկխոսության խթանման անհրաժեշտությունը, որպեսզի ներկայացվեն ու մշակվեն գործիքները, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ձևավորմանը՝ հետապնդելով հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքնի նպատակ ու բացառելով խաղաղ բնակչության ու զինվորականների շրջանում զոհերը»,- նշել է Ռենոն:

Համանախագահները կարևորել են իրավիճակի կայունացումը շփման գծում լարվածությունից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ իրավիճակը շփման գծում չի վատթարանա, նկատի ունենալով հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Միջնորդները նաև մասնակցել են ԵԱՀԿ մշտադիտարկմանը հայ-ադրբեջանական սահմանին: Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաների ու զորամասերի հրամանատարների հետ՝ կոչ անելով վերջիններիս քայլեր ձեռնարկել բացառելու համար բռնությունը, հատկապես քաղաքացիական անձանց պարագայում:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական զինուժը բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը, որի շրջանակում բազմաթիվ գագաթնաժողովներ են եղել, ընդունվել են ամենաբարձր մակարդակով հայտարարություններ, կայացել բազմաթիվ հանդիպումներ: Նախարարը շեշտել է, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

ՄԽ համանախագահներին ու Անջեյ Կասպրշիկին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են բանակցային գործընթացին չնպաստող առկա խնդիրներին: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել հատկապես բարձր մակարդակի բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---