Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքից անհետացել է Ցեղասպանությունը ժխտող 8 հատորանոց աշխատությունը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքից անհետացել է Ցեղասպանությունը ժխտող 8 հատորանոց աշխատությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքի «Հատվածներ պատմությունից» բաժնի «Հայերի գործողությունները 1914-1918 թթ. արխիվային փաստաթղթերով» ենթաբաժինը հանվել է: Այս մասի հայտնում է թուրքական Cumhuriyet լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը:

8 հատորանոց ժողովածուն, որն, ըստ կայքի, գլխավոր շտաբի Ռազմական պատմություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի կողմից պատրաստվել է որպես պատասխան հայկական «պնդումներին», թուրքերեն և անգլերեն լեզուներով, PDF ֆորմատով զետեղված էր ԳՇ-ի պաշտոնական կայքում:

Աշխատանքը պատրաստվել է 2006-2008 թվականների ընթացքում, որի համար իբրև թե օգտագործվել է օսմանյան և ռուսական 1047 արխիվային փաստաթուղթ: Աղբյուրը հաղորդում է, որ այժմ ժողովածուն հասանելի է միայն վերոնշյալ Ռազմական պատմություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի կայքում:

Cumhuriyet-ն անդրադարձել է նաև Հայաստանի և սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ իրականացվելիք լայնամասշտաբ միջոցառումներին՝ այդ համատեքստում տարօրինակ քայլ որակելով ԳՇ-ի կայքից հայկական թեմայով բաժնի անհետանալը:

Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP), 2015-ի ապրիլին Ստամբուլում ծրագրել է անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք:

Այս մասին հայտնել է Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը, որըկոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին, լսել, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցելու ապրիլյան համաժողովին:

Մուստաֆա Բալբայն իր տիրապետած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40.000-ից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60.000 գրքով:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---