Եվրախորհրդարանական. Ուժ չկիրառելու Բաքվի պարտավորությունները ոչ մի արժեք չունեն

Եվրախորհրդարանական. Ուժ չկիրառելու Բաքվի պարտավորությունները ոչ մի արժեք չունեն

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ՊԲ ուսումնավարժական թռիչք կատարող Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

«Բոլոր միջազգային կազմակերպությունների համար ակնհայտ է, որ Ադրբեջանում բռնատիրական ռեժիմ է իշխում, հիմնված ստի, կեղծիքի ու հետապնդումների վրա: Ավելին, իշխող ռեժիմը փորձում է չեզոքացնել ազատության և օրենքի գերակայության ցանկացած ձգտում, այդ թվում անհաջող կերպով փորձելով սպառնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և նրա հավատարմությանը ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար իրավունքներին այնսպիսի սադրանքներով, ինչպիսն է խոցված անզեն ուղղաթիռը կամ որոշ ժամանակ առաջ սպանված խաղաղ քաղաքացին»,-հայտարարել է EuFoA տնօրեն Էդուարդո Լորնեցո Օչոան:

Մտահոգություն են հայտնել նաև Եվրախորհրդարանի անդամները:

«Ռազմական ուղղաթիռի խոցումը Լեռնային Ղարաբաղում շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել իրավիճակի աննախադեպ սրացման հակամարտության գոտում»,-ասել է Եվրախորհրդարանի անվտանգության գծով ենթահանձնաժողովի փոխնախագահ Յարոմիր Շտետինան:

Եվրախորհրդարանում ԼՂ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելն իր հերթին նշել է, որ ուղղաթիռի ոչնչացումը վերջին 20 տարում հրադադարի խախտման ամենալուրջ դեպքն է: «Դա ոչ միայն միանգամայն անիմաստ քայլ էր Ադրբեջանի կողմից, այլ նաև մի հանգամանք, որն ապացուցում է ցանկացած անաչառ դիտորդի, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու Ադրբեջանի բոլոր պարտավորությունները ոչինչ չարժեն»,-ասել է նա:

Ադրբեջանական սադրանքից մոտավորապես երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 27-ին Փարիզի Մարինյի պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---