Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունն ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը

Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունն ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հայտարարած միջազգային մրցույթի հաղթող Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» մեկամյա ծրագրի իրականացումը:

Ծրագիրը նպատակ ուներ աջակցել Ղրղզստանի կառավարությանը` բարելավելու հանրային ֆինանսների կառավարման ոլորտի գործունեությունը և նպաստելու կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը` բյուջետային գործընթացի, ներքին աուդիտի, պետական կառավարման ներքին ֆինանսական հսկողության միջոցով: Ծրագրի շրջանակում Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը մշակել է հանրային համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության օրենսդրական ակտերը, ինչպես նաև ներքին աուդիտի աշխատանքը կարգավորող մեթոդաբանական ցուցումները և վարվելականոնները:

Աուդիտի կազմակերպման և իրականացման գործընթացի մասով խորհրդատվություն է մատուցվել Ղրղզստանի կրթության և գիտության, աշխատանքի, միգրացիայի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարություններին:

Ծրագրի արդյունքում մշակվել են ուսուցողական նյութեր` Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերապատրաստման կենտրոնի կողմից ներքին աուդիտորների համար դասընթացներ կազմակերպպելու նպատակով:

Ծրագրի իրականացման կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարար Օլգա Լավրովան իր շնորհակալական նամակում նշում է, որ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ գործակցությունը բավականին բեղմնավոր էր, և ծրագիրն իրականացվել է պատշաճ մակարդակով և ներկայացված բոլոր պահանջներին համապատասխան:

«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում :

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---