Մոսկովյան համաժողովում Ցեղասպանությունը կդիտարկվի պատմական հիշողության և տեղեկատվական պատերազմների տեսակետից

Մոսկովյան համաժողովում Ցեղասպանությունը կդիտարկվի պատմական հիշողության և տեղեկատվական պատերազմների տեսակետից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28–ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» տեղի կունենա «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային համաժողովը: Այն համատեղ կազմակերպում են «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ):

Համաժողովում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները:

Ֆորումին մասնակցում են ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Է. Պամֆիլովան, ՌԴ Պետական Դումայի փոխխոսնակ Ն. Լևիչևը, ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար, «Արդար աշխարհ» ինստիտուտի տնօրեն Ս. Միրոնովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու. Նավոյանը, ակադեմիկոս Ա. Դավիդսոնը, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վ. Սումսկին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ն. Վելիկայան, ՎՇԷ-ի պրոֆեսոր Ի. Կրիվուշինը, «Ազգային պաշտպանություն ամսագրի» խմբագիր Ի. Կորոտչենկոն, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ս. Բաղդասարովը, վերլուծական և ակադեմիական հաստատությունների ուրիշ ներկայացուցիչներ:

Պատկառելի ներկայություն ունեն ՌԴ ազգային համայնքները: Մոսկվայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի ֆորումին մասնակցելու են «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահներ Ա. Գերբերը և Ի. Ալտմանը, Ռուսաստանի հույների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ, Պետդումայի նախկին պատգամավոր Ի. Սավվիդին, Հունական կազմակերպությունների միջազգային ընկերակցության պատասխանատու քարտուղար Գ. Մելանիֆիդին, Ռուսաստանի ասորիների միության նախագահ Դ. Յակուբովը, Քրդական կազմակերպությունների միջազգային ընկերակցության նախագահ Մ. Շամոևը և ուրիշներ:

Ֆորումին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել միջազգային ճանաչված մասնագետներ, պրոֆեսորներ Յ. Օրոնը (Իսրայել), Կ. Ֆոտիադիսը (Հունաստան), Մ. Եվտիչը (Սերբիա): Հայաստանից հրավիրված գիտնականների թվում են ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Վ. Պողոսյանը:

Համաժողովի շրջանակներում «Պրեզիդենտ հոթելի» սրահում տեղի կունենա նաև վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին:

Համաժողովի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին «Ռուս-հայկական համագործակցությունից», ֆորումը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքական, գիտական շրջանակների և ազգային համայնքների ջանքերի համատեղում` ցեղասպանության փաստի դատապարտման և դրա կանխարգելման միջոցները քննարկելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---