Ցեղասպանության մասին օրինագիծը թուրքական խորհրդարանում. Դրական զարգացում` անկախ արդյունքից

Ցեղասպանության մասին օրինագիծը թուրքական խորհրդարանում. Դրական զարգացում` անկախ արդյունքից

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Այս առթիվ«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրել է, որ սպասելի է` Թուրքիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկի քննարկումը: Ամենայն հավանականությամբ, պատգամավորի իրական նպատակը Հայոց ցեղասպանության և մյուս զանգվածային ջարդերի բարձրացումն է Խորհրդարանում՝ անկախ արդյունքից:

«Նման օրինագծի լոկ ներկայացումն իսկ ազգային իրարանցում կառաջացնի Խորհրդարանի ներսում, լրատվամիջոցների և թուրք ժխտողականների շրջանակներում: Թունջելը պետք է գիտակցի, որ նա կարող է զրկվել իր պատգամավորական անձեռնմխելիությունից և մեղադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով արգելված թեմաներ բարձրացնելու համար»,- գրել է հեղինակը:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին:

Սասունյանը գրում է, որ ողջունելով Թունջելի համարձակ և հանդուգն առաջարկը՝ հայերը, թուրքերը, քրդերը և ուրիշները չպետք է մոռանան, որ Թուրքիայում առաջին անգամ չէ, որ բարձրացվում է հայերի տեղահանության և ջարդերի հարցը: 1918 -ի նոյեմբերի 4-ին, երիտթուրքերի վարչակարգի անկումից անմիջապես հետո և նախքան Քեմալ Աթաթուրքի կողմից 1923-ի Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, Օսմանյան խորհրդարանում առաջարկ ներկայացվեց «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գործած ոճրագործությունների վերաբերյալ. «Բնակչության մեկ միլիոնին, որոնց միակ մեղքը հայ ազգին պատկանելն էր, կոտորեցին և բնաջնջեցին, այդ թվում՝ նույնիսկ կանանց և երեխաներին»:

Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ֆեթհի բեյը պատասխանեց Խորհրդարանին՝ ասելով, որ «Կառավարության մտադրությունն է՝ դարմանել մինչ օրս կատարված յուրաքանչյուր անարդարություն, որքանով որ միջոցները հնարավորություն կտան, վերադարձնել իրենց տները նրանց, ում աքսորել են, և հնարավորինս փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»: Խորհրդարանական քննչական կոմիտեն անցավ համապատասխան փաստաթղթերի հավաքմանը, որոնք նկարագրում էին հայ ժողովրդի զանգվածային ջարդերի համար պատասխանատու անձանց գործողությունները և դրանք հանձնեց Թուրքիայի ռազմական դատարան:

«Միություն և առաջադիմություն» կոմիտեի պարագլուխները մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի կոտորածի համար և կախաղան հանվեցին կամ դատապարտվեցին երկարատև բանտարկության: Ռազմական դատարանը Գերմանիայից պահանջեց Թուրքիա վերադարձնել ջարդերի գլխավոր կազմակերպիչներին, որոնք փախել էին երկրից: Գերմանիայի մերժումից հետո նրանց հեռակա կարգով դատեցին և մահվան դատապարտեցին:

«Իր առաջարկը պատմական և իրավական նախադեպերով հիմնավորելու համար, Թունջելը պետք է Թուրքիայի խորհրդարան ներկայացնի 1918-ի խորհրդարանական առաջարկը և քննարկումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն այն ժամանակ կոչվում էր «հայկական տեղահանություններ և ջարդեր»: Նա պետք է նաև ներկայացնի Թուրքիայի ռազմական դատարանների կողմից ընդունված մեղադրական վճիռների պատճենները: Վերջապես, Թունջելը պետք է Խորհրդարանին հիշեցնի Քեմալ Աթաթուրքի պատմական խոստովանությունը, որ նա արել է «Լոս Անջելես էգզամիներ» թերթում 1926-ի օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր մի քանի միլիոն քրիստոնյա հպատակների համար, որոնց դաժանորեն արտաքսեցին իրենց հայրենի օջախներից և կոտորեցին»: Կհամարձակվի՞ արդյոք որևէ թուրք պատգամավոր ստախոս անվանել արդի Թուրքիայի հիմնադրին»,- հարցնում է Հարութ Սասունյանը:

Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը և կանխի դրա քննարկումը, ապա այն, ըստ հեղինակի, կբացահայտի Էրդողանի կառավարության՝ ճշմարտությանը դիմակայելու սարսափը և իր նախորդների մեղավորության քողարկումը.

«Անկախ վերջնական արդյունքից՝ այս առաջարկն անսպասելի դրական զարգացում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին և որոշակի մխիթարություն է բերում թուրքական այլ վայրագությունների զոհերի ժառանգներին»:

Թունջելի առաջարկի ներկայացումը Թուրքիայի խորհրդարանում համընկավ Բոլիվիայի Սենատի և խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման հետ: Ըստ Սասունյանի` հատկանշական է, որ այս ճանաչումը ձեռք է բերվել ցեղասպանության զուտ բնույթից ելնելով, առանց հայկական լոբբիստական ջանքերի, որն էլ ժխտում է թուրքական սովորական պնդումները, թե իբր երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը տեղի հայ համայնքների ճնշման տակ. Բոլիվիայում հայկական համայնք չկա:

Կարդացեք նաև` Թուրքիան՝ 2015-ի շեմին. Կեղծելով պատմությունը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---