Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքը

Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում: Ենթադրվում է, որ կվերանայվեն ԱՀԿ անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կներդաշնակեցվի ԵՏՄ Միասնական մաքսային սակագինը:

Վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: Բացի այդ, պայմանագրով վերապահվում են այլ պետությունների տարածքով ապրանքների տարանցման առանձնահատկությունները նույնականացման հատուկ միջոցների կիրառմամբ ու կանոնակարգում են սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կառանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառման հետ կապված հարցերը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---