The Independent. Գալիպոլիի 100-ամյակը Հայոց ցեղասպանությունը թաքցնելու ամոթալի փորձ է

The Independent. Գալիպոլիի 100-ամյակը Հայոց ցեղասպանությունը թաքցնելու ամոթալի փորձ է

PanARMENIAN.Net - Երբ Թուրքիայի նախագահի հրավերով Արքայազն Չարլզը, ինչպես նաև Ավսրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները հավաքվեն Գալիպոլիում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի մարտերը, 1.5 միլիոն սպանված քրիստոնյա հայերի հոգիները կուղեկցեն նրանց:

Որպես դիվանագիտական հիմար քայլ՝ Թուրքիան պլանավորում է օգտագործել 1915-ին Անտանտի ներխուժումն իր իսկ տարածք՝ կոծկելու Օսմանյան Կայսրության տարիներին հայերին կոտորելու հիշողությունը, որը 20-րդ դարի առաջին կիսաարդյունաբերական ցեղասպանությունն էր, գրում է The Independent պարբերականի լրագրող, գրող Ռոբերտ Ֆիսկը:

Իմանալով հանդերձ, որ իր նախաձեռնությունը մերժվելու է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցելու Գալիպոլիի մարտերի տոնակատարություններին՝ մինչ այդ նախագահ Սարգսյանի կողմից նույն օրը Հայոց ցեղասպանությունը հիշատակող արարողություններին մասնակցելու հրավեր ստացած լինելով:

Հեղինակի խոսքով՝ սա ուղղակի դիվանագիտական չարաճճիություն չէ: Թուրքերին հայտնի է, որ Անտանտի երկրները սկսել են ներխուժումն ապրիլի 25-ին, բայց վախենում են, որ 1915-ը պատմության մեջ կման որպես հայերին բնաջնջելու տարեթիվ: Հայերը որոշեցին հիշատակել Ցեղասպանությունն ապրիլի 24-ին, որովհետև հենց այդ օրը Թուրքիայի ոստիկանությունը սկսեց Կոնստանդնուպոլսում հավաքագրել հայ ակադեմիկոսների, իրավաբանների, բժիշկների, ուսուցիչների և լրագրողների:

Գերմանիայի որոշ պատմաբանների նման, ովքեր ժխտում են հրեաների հոլոքոստը, Թուրքիան հրաժարվում է ընդունել Օսմանյան Կայսրության պատասխանատվությունը 1914-1918թթ. պատերազմի ամենամեծ հանցանքի, այդ արյունահեղության մեջ, որն այդ ժամանակ անհանգստացրել էր նույնիսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիային: 1915-ի Հայոց ցեղասպանությունն ընդունել են բազմաթիվ եվրոպական երկրներ և հարյուրավոր գիտնականներ: Թուրքիայի պնդումը, թե հայերը զոհ գնացին պատերազմի ցնցումներին, վաղուց արդեն կասկածի տակ է:

Մի քանի խիզախ թուրք գիտնական ուսումնասիրել են Օսմանյան փաստաթղթերը և ապացուցել, որ Կոնստանդնուպոլսից հրաման է ուղարկվել տարածքային պատասխանատուներին՝ ոչնչացնելու հայկական համայքները: Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Ախթարը ծավալուն աշխատանք է նվիրել Գալիպոլիի մարտերում կռված հայերին, մասնավորապես՝ կապիտան Սարգիս Թորոսյանին, ում ծնողներն ու քույրը զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Պրոֆեսոր Ախթարին դատապարտել են թուրքական բանակի ծառայողներն ու մի շարք ակադեմիկոսներ, որոնք ժխտում են ինչպես Գալիպոլիի մարտերում հայերի մասնակցությունը, այնպես էլ կապիտան Թորոսյանի գոյությունը:

Բայց այժմ Թուրքիան փոխում է պատմությունը: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն վերջերս ընդունել է, որ ուրիշ էթնիկ խմբեր, ինչպիսիք են արաբներն ու հայերը, նույնպես կռվել են Գալիպոլիի մարտերում, և իբր դա է եղել Հայաստանի նախագահին հրավիրելու պատճառը:

Թուրք-հայկական պատմության ճշմարտացիության գործում մեծ է պրոֆեսոր Ախթարի և Թաներ Աքչամի ավանդը: Լուռ մնալու քաղաքական ճնշման տակ նրանք հազարավոր թուրքերի ստիպեցին քննարկել 1915-ի ահավոր դեպքերը: Շատ թուրքեր պարզեցին, որ իրենց տատիկներն իսլամացած հայեր են: Ախթարը հիշատակում է նաև Թուրքիայի համար կռված ուրիշ հայ զինվորների, մասնավորապես՝ ավագ լեյտենանտ Սուրմենյանին, ում հիշողությունները լույս տեսան Թորոսյանի մահից 13 տարի անց Բեյրութում:

Ֆիսկին տված իր հարցազրույցում Ախթարն ասել է. «Եթե նրանք ուզում էին պատվել Թուրքիայի համար զոհված հայ զինվորներին, ապա պետք է հրավիրեին Ստամբուլի հայոց պատրիարքին: Ինչո՞ւ են հրավիրում նախագահ Սարգսյանին, ում նախնիները հավանաբար կռվել են Ռուսաստանի կայսերական բանակում: Նա Ղարաբաղից է, եթե չեմ սխալվում: Սա շատ վիրավորական է նախագահ Սարգսյանի համար»:

Շատ հայեր կարող են նույն կարծիքն ունենալ: Տարիներ շարունակ նախագահ Սարգսյանը պատրաստ էր հայ-թուրքական սահմանը բացելու մասին դաշինք ստորագրել՝ փոխարենը ստանալով ցեղասպանության զուտ ձևական ուսումնասիրություն: Այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, մի շարք քաղաքական գործիչներ և լրագրողներ կողմ էին այդ գաղափարին: Սակայն հայկական սփյուռքը ցասումով արձագանքեց՝ ասելով, թե ինչ կզգային հրեաները, եթե Գերմանիայի հետ նրանց բարեկամությունը կախված լիներ հետաքննությունից, թե արդյոք հրեաների հոլոքոստն իսկապես եղել է:

«Գալիպոլիի թուրք հերոս, անխոս, Մուստաֆա Քեմալն էր, հետագայում՝ Աթաթուրք, ով դարձավ ժամանակակից թուրքական պետության հիմնադիրը: Նա չի մասնակցել 1915-ի հայերի մասսայական ջարդերին, բայց նրա գործընկերներից ոմանք ներգրավված են եղել, որն էլ, այնուամենայնիվ, կասկածի տակ է դնում թուրքական պետության պատմությունը: Գալիպոլիում Անտանտի արյունահեղ պարտությունը ստվեր գցեց Ուինսթոն Չերչիլի հետագա կարիերայի վրա, և այս փաստը քաջ հայտնի է հազարավոր ավսրտալացիների ու նորզելանդացիների, ովքեր այս տարի ապրիլին այցելելու են հին ռազմադաշտ: Թե ինչքանով են նրանք տեղեկացված ապրիլին կայանալիք մեկ ուրիշ, ավելի սարսափելի տարելիցի մասին, այլ հարց է», գրում է Ֆիսկը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---