ԵԱՀԿ ԽՎ-ն և ՆԱՏՕ-ն սատարում են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին

ԵԱՀԿ ԽՎ-ն և ՆԱՏՕ-ն սատարում են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին առավելագույն զսպվածություն դրսևորել և հավատարմություն ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցությունների գծով բաժնի տնօրեն Ռիչարդ Սոլաշը:

Ըստ նրա, ԵԱՀԿ ԽՎ-ն բազմիցս է իր աջակցությունը հայտնել հակամարտության խաղաղ, դիվանագիտական լուծմանը: «ԵԱՀԿ ԽՎ-ն նաև սատարում է Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված լարվածության նվազեցմանն ու խաղաղ կարգավորմանը», -ասել է նա:

Ավելի վաղ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գալխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարեց, որ դաշինքը դերակատարություն չունի ղարաբաղյան կարգավորման մեջ:

«Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի որոշակի դերը կարող է նպաստել առաջխաղացմանը, սակայն ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորմանն ուղղված ջանքերին»,-ասել էր նա:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության հանդեպ միջազգային ուշադրություն կա ամենաբարձր մակարդակով, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Օլանդը համատեղ բանակցություններ անցկացրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ:

Ըստ հատուկ ներկայացուցչի, երկու տասնամյակ է, ինչ բանակցություններին մշտական մասնակցություն է բերում ԵԱՀԿ ՄԽ-ն ԱՄՆ, Ֆրանսիայի ու ՌԴ համանախագահությամբ, հայտնում է Թրենդ գործակալությունը:

Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին:

Շփմած գծում կատարվածը ԵԱՀԿ գործող նախագահին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներին մտահոգվելու տեղիք է տալիս: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում խախտել է մոտ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20.000 կրակոց:Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ, որոնք ժամանակին կասեցվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995-ին ծնված Սուրեն Փիլոսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունվարի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկեց դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Վրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

ԼՂՀ ՊՆ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

«Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա: ՊԲ-ն շփման գծի ամբողջ երկայնքով ոչ միայն վստահորեն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը, այլև ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օպերատիվ մարտավարական նշանակության պատժիչ գործողություններ և ճնշում հակառակորդի դրսևորած ակտիվությունը»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---