Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն նախատեսում է բանակցություններ վարել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն նախատեսում է բանակցություններ վարել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորը անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում նկատված բռնությունների կապակցությամբ:

«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- նշել է Ուորլիքը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջինիս խոսքով` նկատվող բռնությունների աճն ու միջադեպերը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»,- հավելել է Ուորլիքը:

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ԼՂՀ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ամբողջ առաջնագիծը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց:

Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բացի վերոնշյալ խախտումներից, ադրբեջանական ագիտպրոպը սեփական զինուժի կորուստները պարտակելու և հանրության շրջանում հաղթական տրամադրություններ ձևավորելու համար դիմել է էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն: Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետել են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր երկու անգամ քիչ կրակոց. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 19-ից 24-ն ընկածշ ժամանակահատվածում խախտել է մոտ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20.000 կրակոց:

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---