Անկարան չեղյալ է համարել Թուրքիա-ԵՄ հանձնաժողովի նիստը՝ օրակարգում Ցեղասպանության հարցի պատճառով

Անկարան չեղյալ է համարել Թուրքիա-ԵՄ հանձնաժողովի նիստը՝ օրակարգում Ցեղասպանության հարցի պատճառով

PanARMENIAN.Net - Անկարան չեղյալ է համարել Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 18-19-ը Ստամբուլում, քանի որ օրակարգում ներառված էր նաև Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet-ը:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները զգուշացրել էին ԵՄ-ին, որ եթե օրակարգում ներառվի Հայոց ցեղասպանության հարցը, Անկարան կհրաժարվի նիստից: Թուրքիայի վարչաետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «1915 թվականի իրադարձությունների շեշտադրումը խանգարում է Անկարայի ու Երևանի հարաբերություններին», հայտնում է Թրենդը:

Ինչպես հայտնի է, պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բոգոտայի Էքտերնադո ու Անկարայի համալսարանների համատեղ ջանքերով կազմակերպված «1915 թվականը` Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» վերտառությամբ սիմպոզիումում:

Էրդողանը մասնավորապես ասել է. «Պատմությունը, ցավոք, միշտ գրվում է հաղթողի, իշխող ուժի ձեռքով և նրա տեսանկյունից: Մենք խստորեն դեմ ենք դրան, քանի որ այդպիսի պատմությունն արդար լինել չի կարող: Պատմությունը պիտի գրվի պատմաբանների կողմից: 1915-ի հայտնի ցավալի իրադարձություններն էլ հաղթողների և իշխողների ձեռքով են գրված», հայտնում է Panorama.am-ն «Անադոլու» լրատվական գործակալությանը հղումով:

Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ անցած այս հարյուր տարիների ընթացքում ոչ հայերի` թուրքերի նկատմամբ կատարած քայլերը, ոչ էլ թուրքերի` հայերի հանդեպ կատարածները լրջորեն ու ճիշտ ձևով չեն քննարկվել, չեն մեկնաբանվել և գրի չեն առնվել: Նրա համոզմամբ` «100 տարի շարունակ կեղտոտ քաղաքական քարոզչության միջոցով քողարկվել է իրական պատմությունը»:

«Եթե հայկական սփյուռքն իրապես անկեղծ է, ապա մենք ազնվորեն բացում ենք մեր բոլոր արխիվները: Մենք մինչև այժմ շուրջ մեկ միլիոն պատմական փաստաթղթեր ենք ուսումնասիրել: Մենք դրանք բոլորին հասանելի ենք դարձնում: Եթե Հայաստանն էլ այսպիսի փաստաթղթեր ունի, թող ներկայացնի: Երրորդ երկրներն էլ եթե ունեն, թող ներկայացնեն: Ընտրենք պատմաբանների, քաղաքագետների, իրավաբանների, թող նրանք ուսումնասիրություններ անեն, վերջնական որոշում կայացնեն, այս խնդրին լուծում տանք»:

Էրդողանի կարծիքով` չի կարելի հույզերի, սեփական սուբյեկտիվ վերապրումների հիման վրա օբյեկտիվ պատմություն գրել:

Թուրքիայի նախագահի բնորոշմամբ. «Հայկական սփյուռքը 100 ամյակի առթիվ ծայրաստիճան բացասական նախաձեռնություններ է իրականացնում: Մենք` Թուրքիան, նման պրոպագանդաների կարիք չունենք: Նման խնդիր չունենք: Մենք միշտ անկեղծ ու բացսիրտ ենք և ուզում ենք, որ 1915թ դեպքերը ճիշտ ուսումնասիրվեն և ճիշտ մեկնաբանվեն»:

Ավելի վաղ Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արդել համաշխարհային առաջնորդներին ապրիլի 24-ին մեկնել ոչ թե Չանաքքալե, այլ Երևան:

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը, Իզմիրի ասորիների բարեկամության և մշակութային համերաշխության պլատֆորմը, «Նոր Զարթոնք» կազմակերպությունը, www.suryaniler.com մշակութային պլատֆորմը և «Ջան» սոցիալ-քաղաքական հետազոտությունների հիմնադրամը համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Չանաքքալեի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու Անկարայի նախաձեռնությունը:

Ըստ իրավապաշտպանների, թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ցանկանում են շեղել աշխարհի առաջնորդների ուշադրությունն ու մոռացության մատնել Ցեղասպանությունը: Թուրքիայի Մարդու իրավունքների միության փոխնախագահ Մերալ Չըլդըրը նշեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որպես հաղթանակի կեղծ օր տոնելը անարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ջան» սոցիալ-քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Այհան Իշիկն իր հերթին նշեց, որ եթե պատմության հետ առերեսվելու փոխարեն Թուրքիայի իշխանությունները ապրիլի 24-ին աշխարհի առաջնորդներին Չանաքքալե են հրավիրում, ապա դա կարելի է համարել Ցեղասպանության ժխտման շարունակությունը: Թուրքիայի Մարդու իրավունքների միության անդամ, իրավապաշտպան Էրեն Կեսկինը նշեց, որ Միությունը կատարվածը հենց Ցեղասպանություն է համարում և կոչ է արել աշխարհի առաջնորդներին մենել Երևան, ոչ թե՝ Չանաքքալե:

Թուրքիայի նախագահը ի թիվս այլ երկրների ղեկավարների Հայաստանի Հանրապետության նախագահին ևս հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին: ՀՀ նախագահը պատասխան նամակում գրել է. Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---