Համահայկական հռչակագրի տեքստը փոխանցվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Համահայկական հռչակագրի տեքստը փոխանցվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին մարտի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը:

Դեսպանը Գլխավոր քարտուղարին փոխանցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ Հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:

Զոհրաբ Մնացականյանը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով: Դեսպան Մնացականյանը բարձր է գնահատել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային և բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարևորագույն նշանակություն ունեցող կառույց:

Նա Բան Կի-Մունին տեղեկացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում ս/թ. մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Դեսպան Մնացականյանն ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկները: Դեսպան Մնացականյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը և դրա մեջ տեղ գտած հասցեական կոչերին:

Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Այն ընդունվել է միաձայն: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել էր, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Նախագահն ընդգծել է, որ սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ.« Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ: Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:

Արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---