Դավիթ Բաբայան. Առանց Արցախի անհնարին է կարգավորել ԼՂ հակամարտությունը

Դավիթ Բաբայան. Առանց Արցախի անհնարին է կարգավորել ԼՂ հակամարտությունը

PanARMENIAN.Net - Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով մարտի 12-ի հանդիպումներն օգտակար էին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումներն օգտակար էին: Մենք անհամբեր սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատանքին»,- մասնավորապես, նշել է նա:

Մինչդեռ ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի` ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում արած հայտարարությանը, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն ԼՂՀ բնակչության շահերը, ասել է.

«Չնայած անուղղակի ձևով է ասված, սակայն, այնուամենայնիվ, պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորված լինել: Սա կարևոր հայտարարություն են համարում»,- նշել է Բաբայանը, գրում է Tert. am-ը:

Ուորլիքի խոսքով, բանակցություններում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:«Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը:

Բաբայանը նշել է, որ բնակչության շահերն Արցախից լավ որևէ մեկը չի կարող ներկայացնել:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ խեղաթյուրված ձևաչափով՝ առանց Արցախի մասնակցության, պարզապես անհնարին է կարգավորել հակամարտությունը»,- ասաց նա և նշեց, որ ոչ թե Մինսկի խմբի համանախագահների, այլ Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս Արցախի մասնակցությունը բանակցություններին:

«Բոլոր ողջամիտ մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, դիվանագետները, հասկանում են, որ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը, ապա Դավիթ Բաբայանն ասաց. «Կարծում եմ, որ հերթական հանդիպմանը հիմնական շեշտը կդրվի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու վրա, որովհետև վերջերս Ադրբեջանը սկսել է շատ ավելի կոպիտ ձևով խախտել զինադադարի ռեժիմը»։

Բացի այդ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նկատել է, որ ամռանը Բաքվում սպասվում են Եվրոպական ամառային խաղեր, ինչի պատճառով ավելի շատ կկարևորվի զինադադարի պահպանումը:

«Այն, որ պահպանվում է զինադադարի ռեժիմը, խաղաղությունը և կայունությունը, դա արդեն առաջընթաց է: Մենք միշտ պետք է դիտարկենք հակամարտությունը ոչ թե այն տեսանկյունից, թե այն վերջնականապես կարգավորվեց, այլ, ամենաիրատեսականը՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունություն պահպանելը, և բոլոր այդ հանդիպումներն այդ դերակատարությունն ունեն»,- նշել է նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ում ձերբակալված և դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների մասին Ուորլիքի հայտարարությանը, որ կողմերի կողմից ձերբակալված մարդկանց ազատ արձակելը մարդասիրական քայլ կլիներ, Դավիթ Բաբայանն ասել է.

«Մենք մարդասիրության ամենաբարձր օրինակ ենք ցուցաբերել՝ այդ դիվերսանտների հանդեպ ինքնադատաստան չկիրառելով, այլ, ինչպես վայել է ժողովրդական նորմերին, բաց և թափանցիկ դատավարության միջոցով նրանց մեղքը ապացուցելով»:

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ուորլիքն ասել է, որ իրադրությունը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից այն մի փոքր կայունացել է: «Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը՝ խաղաղ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելով: Նախագահների հետ մեր հանդիպումներում նրանք հաստատեցին, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը և հայտարարել են, որ հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված առաջարկները: Մեր առաջարկները կկանխեն միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: Հուսով ենք, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ նաև այլ հարցերում»,-ասել է Ուորլիքը:

Մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ փետրվարին տարածաշրջան վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---