Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամները կոչ են անում Օբամային կատարել խոստումը և ճանաչել Ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամները կոչ են անում Օբամային կատարել խոստումը և ճանաչել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Միթչ Օ’Ֆարելը, Փոլ Քորեթսն ու քաղխորհրդի նախագահ Հերբ Վեսոնը համատեղ բանաձև են ներկայացրել՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 154-րդ «Ճշմարտություն և Արդարություն» անվանումով բանաձևին, տեղեկացնում է Tert.am-ը Asbarez-ի վրա հղումով:

Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու Ցեղասպանության շարունակվող հետևանքները:

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է Ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում: 1915-1923 թթ.-ին իրականացված Ցեղասպանության հետևանքով շուրջ 2 միլիոն հայ աքսորվել է, 1.5 միլիոնը սպանվել, 500 հազար վերապրածներ տեղահանվել են, և վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքից:

Հայոց ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների և ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն և հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի և այլ երկրների ազգային արխիվներում:

Լոս Անջելեսն աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկի և Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների տունն է: Կենսական նշանակություն ունի, որ ԱՄՆ կառավարությունը պատշաճ կերպով ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն ելնելով բարոյական սկզբունքներից, այլև օգնի կանխել ապագայում նման վայրագությունները:

«Ճշմարտություն և Արդարություն» բանաձևը, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյուիդ Վալադաուն և Ֆրենկ Փելոնը, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին` խթանելու հայ-թուրքական հարաբերությունները:

Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային պաշտպանել մինչ ընտրվելն արած իր իսկ հայտարարությունն առ այն, որ «Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք, կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»:

Բանաձևը կոչ է անում Օբամայի վարչակազմին ճնշում բանեցնել Թուրքիայի նկատմամբ` լիարժեք ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստերն ու շարունակուող հետևանքները», գրված է քաղխորհրդի անդամների ներկայացրած բանաձևում:

Այն ապագայում կուղարկվի Քաղխորհուրդ՝ քվեարկության համար:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---