Սարգսյանը՝ իտալացի խորհրդարանականներին. Պատասխանատու ենք նույնիսկ մեր օրերում վտանգված մարդկանց առջև

Սարգսյանը՝ իտալացի խորհրդարանականներին. Պատասխանատու ենք նույնիսկ մեր օրերում վտանգված մարդկանց առջև

PanARMENIAN.Net - Իտալիա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքի ժամանակ իր ելույթում անդրադարձել է ոչ միայն հայ-իտալական հարաբերություններին, այլև խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լույսի ներքո Հայաստանի ստանձնած առաքելության մասին, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամության՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կապող օղակ և գործակցության կամուրջ դառնալու հարցում:

Անդրադառնալով երկու ժողովուրդների արժեքային ընդհանուր կողմնորոշիչներին՝ նախագահը նշել է, որ մեր հարաբերությունները սերում են նույնակունք՝ քրիստոնեական արժեհամակարգից ու աշխարհընկալումից և երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունից ու նշվածը վառ արտացոլող քանակական ցուցանիշ ներկայացրել. «Իտալիայի ժողովրդի ձայնը հանդիսացող մարմնում՝ խորհրդարանում, Հայաստանի հետ բարեկամության խումբն այդքան ընդգրկուն է և ունի հարյուրից ավելի անդամ»:

Հարկ է նկատել, որ Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ունի 315 անդամ, իսկ ստորին՝ Պատգամավորների պալատը կրկնակի ավելի՝ 630 անդամ: Ստացվում է, որ հայ-իտալական բարեկամության խմբում ընդգրկված է իտալացի յուրաքանչյուր 9-ը օրենսդիրից 1-ը: Պակաս տպավորիչ չէ նաև հայկական կողմի ներկայացվածությունը. բարեկամության խմբում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի 131 պատգամավորներից 19-ը: Սա, բնականաբար, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ հայ-իտալական առնչությունները ձևավորվել են դեռևս Հռոմեական պետության և Մեծ Հայքի միջև, ինչպես նախագահն է նշել իր խոսքում՝ «դեռևս Քրիսոտսից առաջ»:

Ողջույնից հետո Սերժ Սարգսյանն անդրադարձել է ցեղասպանության խնդրին: Խոսելով 100-րդ տարելիցի մասին նախագահն անդրադարձել է Հայաստանի ու հայության հիմնական ուղերձին. «Ապրիլի 24-ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին, և բազում եկեղեցիների զանգեր են հնչելու Արգենտինայից մինչև Իտալիա, ԱՄՆ-ից մինչև Հայաստան։ Այդ օրը քույր եկեղեցիների զանգերը առանձնապես բարձր են հնչելու, կամ գոնե մեզ այդպես է թվալու»։

Մինչև այդ Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ 20-րդ դարի այլ ցեղասպանությունները Հայոց ցեղասպանության չճանաչման հետևանքով առաջացած անպատժելիության զգացման հետևանք էին. «Դա առաջին, բայց, ցավոք, ոչ վերջին ցեղասպանությունն էր, որը հող նախապատրաստեց մարդկության դեմ գործվելիք հետագա հանցագործությունների համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Կամբոջա, Սուդան…»:

Այնուհետև Հայաստանի նախագահը բանաձևել է անելիքները: «Այո, մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք կերտել նման հանցագործություններից զերծ ապագա: Մենք պարտավորություն ունենք նրանց առաջ, ովքեր զոհ են գնացել այդ արհավիրքներին և նրանց առաջ, ովքեր վերապրել են այդ սարսափները: Մենք պատասխանատու ենք այն բոլոր մարդկանց առջև, ովքեր վտանգված են նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում»,- նշել է Սերժ Սարգսյանն ու լսարանի համար մատչելի օրինակ մատնացույց արել. «Այս առումով, մոտ մեկ դար անց էլ այսօր արդիական ու տպավորիչ են Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիի խոսքերը, ով հեռավոր 1918թ., խոսելով Հայաստանի անկախությանն աջակցելու անհրաժեշտության մասին, պնդում էր. «Ազգերի իրավունքներին օժանդակելու իտալական սկզբունքը հետևյալն է. սիրում ենք մենք մեր հայրենիքը, պաշտում ենք մեր ազգը, բայց տառապում ենք նաև այլ ազգերի հանդեպ անարդարության դեպքում»:

Ամփոփելով խոսքը՝ Հայաստանի նախագահը անդրադարձել է մարդկության դեմ ուղղված ոճիրներն անպատիժ չթողնելու անհրաժեշտության մասին. «Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արևելքում Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետևանքն են հենց ամենաթողության, անպատժելիության: Որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա և մահմեդական, հրեա և գերմանացի, հայ և թուրք, հութու և թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների և դրանք ժխտողների միջև»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է Իտալիայի հետ համատեղ անելիքներին, որը թեև խորհրդարանի և առանձին վարչական միավորների մակարդակով դատավարտել է Հայոց ցեղասպանությունը, սակայն շարունակում է մնալ խոցելի մի հարթակ, որտեղ կարող է ծնունդ առնել ժխտողականություն: «Իտալիան, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, նույնպես միացել է այս արհավիրքի դեմ պայքարին: Խոսքս Իտալիայի կողմից ցեղասպանությունների, այդ թվում՝ Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին է: Բարձր ենք գնահատում, որ առանձին իտալական քաղաքներ և նահանգներ, այդ թվում՝ Հռոմը, Միլանը, Վենետիկը, Ֆլորենցիան, իսկ այս մարտ ամսին նաև Տոսկանան նույնպես ճանաչել և դատապարտել են այս ծանրագույն ոճրագործությունը։ Վստահ ենք՝ Իտալիայի օրենսդիր մարմնի կողմից ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմամբ մենք մեկ քայլ առաջ կշարժվենք այդ հանցագործությունների դեմ պայքարում»,- ասել է երկրի ղեկավարը։

Ելույթի հաջորդ հատվածում նախագահ Սարգսյանը խոսել է հայ-իտալական հարաբերությունների մասին: «Հայտնի է, որ Հայաստանը Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից է հռչակվել դեռևս Քրիստոսի ծննդից առաջ:

Ցեղասպանությունից հետո Իտալիան, ապաստան տալով մեր հայրենակիցներին, արժանավայել կյանքի հոմանիշ դարձավ նրանց համար: Դարերի ընթացքում հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի սերտացան ու ընդլայնվեցին, իսկ Հայաստանի անկախությունից հետո ձեռք բերեցին նոր որակ և բովանդակություն: Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական ակտիվ երկխոսությունից մինչև համագործակցություն կրթության, մշակույթի, տնտեսության, ու նաև ռազմական ոլորտներում»,- նշել է Սերժ Սարգսյանն ու տեղեկացրել, որ պարբերաբար իրականացվում են բարձրաստիճան այցեր, առկա է լայն իրավապայմանագրային դաշտ. «Այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ Այս ամենը, անշուշտ, վկայում է հայ-իտալական հարաբերությունների կարևոր նշանակության մասին»։

Այնուհետև նախագահն անդրադարձել է միխորհրդարանական համագործակցությանը. «Մեր հարաբերություններում կարևորագույն բաղադրիչ է խորհրդարանական համագործակցությունը։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ ինչպես Իտալիայի, այնպես էլ Հայաստանի օրենսդիր մարմիններում գործում են բարեկամության խմբեր։ Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ձեր հայ գործընկերների հետ ակտիվ երկխոսություն ծավալեք և այցեր կատարեք Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ` հարստացնելով հայ-իտալական համագործակցության օրակարգը»:

Այս համատեքստում հանարպետության ղեկավարն անդրադարձել է եվրոպացի խորհրդարանականանների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամաբ աճող հետաքրքրությանը: «Տարեցտարի աճում է այն պատգամավորների թիվը, ովքեր եվրոպական երկրների խորհրդարաններից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից, Արցախ են այցելում և տեղում ճիշտ տեղեկատվություն ստանում խնդրի մասին: Կարծում եմ՝ սա պայմանավորված է նրանով, որ մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են օբյեկտիվ, իրականությունն արտահայտող տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ՝ հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն իսկ կայացած իրողություն է՝ պետություն, որի զարգացման հիմքում անխախտ դրված են ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Այս մասին արձանագրում են միջազգային հեղինակավոր կառույցները, և սա միայն իմ գնահատականը չէ»,- նշել է Սերժ Սարգսյանն ու միաժամանակ երախտագիտություն հայտնել Իտալիայի կառավարությանը՝ «մեզ համար կենսական ԼՂ հիմնահարցում անկողմնակալ և հավասարակշիռ մոտեցման համար»:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների տեսլականի, ինչպես նաև ԵՄ և ԵՏՄ միջև համագործակցության ու այդ հարցում Հայաստանի հնարավոր ներդրման մասին: «Ելույթ ունենալով մի քաղաքում, որը, հիրավի, քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրան է, և մի երկրում, որ Եվրոպական միության առանցքային դերակատարներից է, չեմ կարող չանդրադառնալ նաև Հայաստան-Եվրոպական միություն կապերին»,- ասել է նախագահ Սարգսյանն ու հնչեցրել այդ կապերի վերաբերյալ իր գնահատականը. «Մենք բնական գործընկերներ ենք, քանզի մեր գործընկերությունն առաջին հերթին հիմնված է արժեքների վրա. հայերն ու հայկական քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության մասնիկն են, իսկ մեր պետությունը հանձնառու է առաջ մղելու այդ արժեքները»:

Հանրապետության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցում էական ձեռքբերում կարելի է ակնկալել արդեն մոտ ժամանակներս. «Առաջիկայում՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, կձևավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմքը, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն նոր փուլ»:

Նախագահը չի շրջանցել նաև ԵՏՄ-ին հայաստանի անդամակցության ու դրանից բխող հնարավորությունների հարցը. «Միաժամանակ, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ և այդ կառույցում ունենալով ԵՄ-ին ամենամոտ չափանիշները, մենք կարող ենք կամուրջ դառնալ եվրոպական երկրների, այդ թվում՝ Իտալիայի համար, դեպի 170 միլիոնանոց ԵՏՄ շուկա»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---