Սպիտակ տան խոսնակն ակնարկել է՝ «ցեղասպանություն» եզրից խուսափելու Օբամայի դիրքորոշումը նույնը կմնա

Սպիտակ տան խոսնակն ակնարկել է՝ «ցեղասպանություն» եզրից խուսափելու Օբամայի դիրքորոշումը նույնը կմնա

PanARMENIAN.Net - Սպիտակ տունն ակնարկել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառն Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը նկարագրելու համար՝ շարունակելով խախտել իր խոստումը, գրում է The Wall Street Journal թերթը՝ հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սպիտակ տունն այս տարի եզրույթն օգտագործելու կապակցությամբ ճնշումների է ենթարկվում, բայց Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականության մեջ փոփոխություն չկա, գրում է Tert.am-ը:

«Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 միլիոն հայ է սպանվել կամ մահվան երթի ուղարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը և հավելել, - «Մենք ընդգծել ենք նաև, որ սգում ենք այս մահերի համար և որ փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերից»:

Այդուհանդերձ, Ջոշ Էրնեստը նշել է, որ եզրույթից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի երկար տարիների դիրքորոշումը հավանաբար նույնը կմնա նաև այս անգամ։

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Ճշմարտության և արդարության մասին»խորագհրով. այն ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամի աջակցությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Ինչպես ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:

Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:

Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,- ասել է նա:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---