ԵԽ հանձնակատարը Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԵԽ հանձնակատարը Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ԵԽ պաշտոնական կայքէջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Մուժնիեկսը գրում է, որ ապրիլի 24-ին նշվում է 100-ամյա տարելիցը այն օրվանից, երբ սկսվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի զանգվածային սպանությունները, տեղահանությունները, ինչի արդյունքում Անատոլիայի հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվել են:

«Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը և դրա ցավոտ ժառանգությունը մեծ ճեղքվածք են առաջացրել երկու հասարակությունների միջև, որը կիզակետին է հասել՝ դրանց՝ որպես ցեղասպանության քաղաքական և իրավական գնահատմամբ», - հայտարարել է մարդու իրավունքների հարցով հանձնակատարը:

«Հայերի սպանդը և տեղահանությունը Օսմանյան իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտում էր», - ընդգծում է հանձնակատարը՝ հարց բարձրացնելով: - «Արդյո՞ք սա նախապատրաստողները և հենց հանցագործությունները դատապարտվում են, թե՞ անտեսվում են, արդարացվում և նույնիսկ, փառաբանվում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միևնույն ժամանակ, Նիլս Մուժնիեկսը ողջունել է փոխըմբռնմանն ուղղված քաղաքացիական հասարակության բոլոր քայլերը, նշել, որ չնայած բաժանարար գծերին հայ և թուրք հասարակությունները փորձում են հաղթահարել ցավոտ անցյալը, նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանն ու ընդհանուր պատմության վերականգնմանը՝ դրսևորելով մարդու իրավունքների իրական ոգի:

Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նկատել է տվել, որ Թուրքիայում քննարկումները, որը երկար տարիներ տաբու է եղել. անգամ քրեական հետապնդում էր իրականցվում այսպես կոչված ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու համար, սակայն վերջին տարիներին շատ հազվադեպ կարելի է հանդիպել այդ երևույթին, ինչը պայմանավորված է հայերի և թուրքերի միջև ավելի հաճախակի դարձած շփումներով, ինչպես նաև Թուրքիայի ներքին քաղաքականությամբ և մշակութային զարգացմամբ: Մուժնիեկսը նշել է նաև, որ չնայած ցամաքային սահմանը փակ է, երկու երկրների քաղաքացիները համեմատաբար ազատ այցելում են իրար. նա մատնանշել է պաշտոնական թվեր. 2000 թվականին Թուրքիայում հայերի թիվը կազմել է մոտ 5500, իսկ 2013 թվականին՝ ավելի քան 73,000:

Միաժամանակ, Թուրքիայում բանավեճը անցյալի վերաբերյալ ավելի ակտիվացել է. շրջադարձային էր Ստամբուլում 2005 թվականին կազմակերպված գիտաժողովը, որից հետո Թուրքիայում հրատարակվել են հայկական ժառանգության մասին բազմաթիվ աշխատություններ: Բանավեճի գագաթնակետը համընկավ 2007 թվականին թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ, ինչը հանգեցրել է անցյալը վերաիմաստավորելու և հանդուրժողականության: Դրա վկայությունն էր 2008 թվականին թուրք մտավորականության կազմակերպած ստորագրահավաքը՝ որին մասնակցելով հազարավոր մարդիկ ներողություն էին հայցում հայերից:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն իր ուղերձն ամփոփել է հետևյալ խոսքերով. «Այժմ, երբ մոտենում է հարյուրամյակը, իմ համերաշխությունն եմ հայտնում ոչ միայն զոհերին և նրանց ժառանգներին, այլև քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, գիտնականներին, լրագրողներին, արվեստագետներին և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, ովքեր փորձում են առաջ տանել փոխադարձ ըմբռնման և անցյալի ծանր ժառանգության վերաիմաստավորման գաղափարը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---