Թուրքիայի փոխվարչապետ. Առաջին համաշխարհայինի տարիներին գործողություններ են իրականացվել ապստամբողների դեմ

Թուրքիայի փոխվարչապետ. Առաջին համաշխարհայինի տարիներին գործողություններ են իրականացվել ապստամբողների դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստից հետո Ապրիլի 24-ի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է «Ակօս»-ը։

«Միտումնավոր և ցանկանալով ցեղասպանություն չենք իրականացրել»,- ասել է նա: Թուրք պաշտոնյան նշել է, որ գուցե երկրների մի մասը դա որպես ցեղասպանություն է համարում, սակայն ՄԱԿ-ի չափորոշիչներով այդ ցավը որպես ցեղասպանություն բնութագրելը սխալ է, հայտնում է Tert.am-ը:

«Որքանով տեղյակ եմ՝ 70-ից ավելի խորհրդարաններ ու տեղական ինքնակառավարման մարմիններ նման որոշումներ են կայացրել: Որոշ տեղերում գիտենք, թե ինչպես են ընդունվել դրանք»,-ասել է նա:

Առընչը պնդել է, թե տեղի ունեցածը ցեղասպանություն չի եղել. «Ինչպես որ մենք ենք Չանաքքալեի պատերազմի օրը նշում ամեն տարի, հայկական սփյուռքն էլ մտածելով, որ իրենց դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել, ամեն տարի ապրիլի 24-ին նշում է դա: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ապստամբողների դեմ գործողություններ են իրականացվել, և մենք գիտենք, որ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել: Բայց մենք ցեղասպանություն չենք իրականացրել: Ցեղասպան պետությունները հայտնի են, մենք վստահ ենք մեր վրա»։

Նախօրեին` ապրիլի 20-ին այդ թեմային էր անդրադարձել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Մեր կեցվածքը չի փոխվել։ Մենք կկիսենք ցավը, պատրաստ ենք բոլորի հետ խոսել՝ հավասարի պես, բայց ով էլ լինի՝ թույլ չենք տա մեզ վերից նայել։ Ես 1.5 տարի առաջ Երևան ուղևորվելուց առաջ ասել էի, որ «դա կոտորած էր»։ Այդ ժամանակ դա ողջ աշխարհում լուր էր դարձել, շատ էր քննարկվել»,- ասել է Դավութօղլուն։

Խոսելով այն մասին, որ այս տարի Թուրքիայից «ընդհանուր ցավի» վերաբերյալ այլ հայտարարություն է ակնկալվում, Դավութօղլուն ասել է. «Հնարավոր է, սակայն դա ոչ Եվրոպայի խորհրդարանի, ոչ էլ Հռոմի պապի ձևակերպումներով չի որոշվելու։ Թուրքիայի հայերի հետ խոսելու համար որևէ երրորդ կողմի կարիքը չունենք։ Նման հայտարարություններն իրականում միջավայրը թունավորելով՝ կանխում են առաջընթացը»,-ասել է նա։

Դավութօղլուն նշել է, թե իրենք կասեն այն, ինչին հավատում են, սակայն ճնշմամբ ոչինչ չեն անի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---