Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը շփման գծում կիրառել է նռնականետեր և ականանետեր

Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը շփման գծում կիրառել է նռնականետեր և ականանետեր

PanARMENIAN.Net - Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:

ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին տեսագրություն էին տարածել, որն, ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության, իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով: Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարությունում ապրիլի 21-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ասել է նախարարը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---